Կայացավ DigiCode առաջին պատանեկան ծրագրավորման մրցույթը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել են Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը:  Հունիսի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց մրցույթի եզրափակիչ փուլը՝ ՀԱՀ-ի աջակցութամբ:

DigiCode մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել  կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմային մտածողությունը և ստեղծագործականությունը, ինչպես նաև բացահայտել տաղանդավոր պատանիներին և աղջիկներին:

DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի մասակիցներն աշխատում են  Scratch (Աղվես) և K-Turtle (Կրիա) ծրագրավորման լեզուներով և ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի (MIT) համալասրանի կայք:  Scratch-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, իսկ  Աղվեսը  Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է  նաև ռոբոտներ ծրագրավորելիս: Այս ծրագրերը դեռևս  2013 թ. կիրառվում են ավելի քան 800 աշակերտի  կողմից, ովքեր ներգրավված են «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրում:IMG_1045

Կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծում է. «ԻՏՁՄ-ն խրախուսում է տեխնոլոգիական գիտելիքների կիրառումը դպրոցներում և մշակել է հատուկ ծրագիր: Այսօր ՀՀ տարբեր մարզերում մենք արդեն ունենք 50-ից ավելի ինժեներական խմբակ և շուրջ 15 ինժեներական լաբորատորիա, սակայն դրանով չենք սահմանափակվում, այլ ցանկանում ենք,  որպեսզի  ՀՀ բոլոր դպրոցներում նման խմբակներ ստեղծվեն: Սա է այն ճանապարհը, որով փորձում ենք դպրոցականներին ներգրավել ինժեներության մեջ, որի շնորհիվ փոխվում է երեխաների մտածողությունը և սպառողից դառնում են արտադրող»:

DigiCode մրցույթի գլխավոր հովանավոր «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը նշում է. «Տպավորված եմ աշակերտների ցուցաբերած արդյունքներով: Կարող ենք վստահությամբ ասել, որ ՏՏ ոլորտում երեխաներն արդեն մեծ հաջողություն են արձանագրում: Նրանք ուղղակի հիանալի աշխատանքներ են ցույց տալիս և ապացուցում,  որ ընտրված ուղղությունը ճիշտ է»:

8-16 տարեկան մասնակիցներն իրենց աշխատանքներով ապշեցրին ոչ միայն կազմակերպիչներին, այլ նաև ժյուրիի կազմին, ովքեր բարդ խնդրի առջև  էին կանգնել՝ լավագույններին ընտրելիս: Ժյուրիի անդամներն էին՝  ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, «Իքս-Թեք» ընկերության տնօրեն Արման Աթոյանը, «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության տնօրեն Ռուբեն Օսիպյանը, «Ֆրիսմոս» ընկերության պրոդուկտ մենեջեր Արման Հարությունյանը և Տեղեկատվության անվտանգության  փորձագետ Սամվել Մարիտիրոսյանը:  Հաղթող մասնակիցների ցանկը հրապարակվել է մրցույթի կայքէջում:

Նշենք, որ պատանեկան ծրագրավորման մրցույթն առաջին անգամ էր անցկացվում ու աննախադեպ մեծ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների շրջանում. մրցույթին դիմել էին ավելի քան 200 պատանի ՀՀ բոլոր մարզերից: Նախնական փուլը հաղթահարած բոլոր 45 մասնակիցները  (Երևանից՝ ընդամենը մեկ մասնակից) ստացան խրախուսական մրցանակ: Իսկ  եզրափակիչ փուլի հաղթողները ստացան նաև այլ արժեքավոր մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն: