Մեկնարկել է «ArmNet Awards 2012» համահայկական ինտերնետային մրցույթը

Մեկնարկել է «ArmNet Awards 2012» համահայկական ինտերնետային մրցույթը և «ArmNet 2012» միջոցառումների շարքը : Այսօր ժամը 18:00-ից սկսած կարելի է մրցույթի կայքում առաջադրել կայքերը: Գրանցումը կավարտվի նոյեմբերի 19-ին ժամը 18:00-ին: Այս մասին այսօր կայացած ասուլիսում լրագրողներին հայտնեցին միջոցառման կազմակերպիչները:

«ArmNet»-ի կազմակերպիչներն են Maeutica բրենդինգային գործակալությունը (նախկին SPMS), «Օրանժ Արմենիան» և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն:

Maeutica-ի տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանի խոսքով, ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի «ArmNet Awards 2012»-ը կանցկացվի 2 փուլով: Առաջին փուլի ընթացքում ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգում հավակնորդ լավագույն կայքերը և դրանք կներկայացնի նոյեմբերի 30-ին: Իսկ արդեն մրցանակաբաշխությունից մի քանի օր անց տեղական և միջազգային ժյուրին միասին կորոշի հաղթողներին: Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 8-ին:

«ArmNet Awards 2012»-ի անվանակարգերը հետևյալն են՝ «Դիզայն և հարմարավետություն», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա առաջընթաց», «Հասարակական ազդեցություն», «Գլխավոր մրցանակ», «Ժողովրդական ընտրություն» և Օրանժի կողմից սահմանված մրցանակ՝ լավագույն բջջային ծրագրի համար: «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթողը կընտրվի SMS քվեարկությամբ:

Մրցանակաբաշխության ժյուրիի նախագահն է ՏԱ և նոր մեդիայի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ժյուրիի կազմի մեծամասնությունը կլինեն փորձագետներ Հայաստանից, մնացյալը Ռուսաստանից և արտերկրից:

«ArmNet Awards»-ին զուգահեռ կանցկացվի նաև «ArmNet 2012» կոնֆերանս, որի խորագիրն է «Բրենդներ և թվային տեխնոլոգիաներ: Կոնֆերանսին ելույթ կունենան միջազգային մասնագետներ, օրինակ՝ Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի նախագծերի ղեկավար Իլյա Սիդորովը և այլք: Կոնֆերանսի շրջանակում կանցկացվեն մարզային քննարկումներ և դասընթացներ: Վանաձորում կանցկացվի քննարկում «Սոցիալական ցանցերը՝ որպես բրենդի առաջխաղացման գործիք» խորագրում (նոյեմբերի 23-ին):

Նախորդ տարի «ArmNet»-ի շրջանակում անցկացվել էր նաև “StartUp Weekend” նորարարության ճամբարը: Հայկուհի Տաքսիլդարյանի խոսքով, այս տարի “StartUp Weekend”-ը կկայանա «ArmNet»-ի շրջանակներից դուրս: