Nokia-ի նախկին աշխատակիցները կմշակեն MeeGo-ն

Nokia ընկերության նախկին աշխատակիցների մի խումբ համատեղ ձևավորել է Jolla ընկերությունը՝ մշակելու MeeGo բջջային օպերացիոն համակարգը, գրում է GSMArena.com-ը:

LinkedIn սոցցանցում առկա է Jolla-ի էջը: Վերջինիս կենտրոնական գրասենյակը տեղակայված է Ֆինլանդիայում և այնտեղ աշխատում են ավելի քան 50 մարդ: Ընկերությունը ղեկավարում է Մարկ Դիլոնը, ով աշխատել է Nokia-ում մոտ 11 տարի՝ զբաղեցնելով MeeGo-ի նախագծման գլխավոր ինժեների պաշտոնը:

Jolla-ի աշխատակիցների խոսքով, իրենք նպատակ ունեն նախագծել, մշակել և վաճառել MeeGo համակարգով աշխատող նոր սմարթֆոններ: «Nokia-ն ստեղծեց մի հիանալի պլատֆորմ սմարթֆոնների համար, որն արժանի է շարունակության և այս առաքելությունը մենք մեզ վրա ենք վերցնում՝ բոլոր այն տաղանդավոր մարդկանց հետ, ովքեր ներդրում են ունեցել MeeGo-ի հաջողության պատմության ընթացքում»,-նշվում է Jolla-ի տարածած հաղորդագրությունում:

MeeGo ՕՀ-ի հիմքում ընկած է Linux օպերացիոն համակարգը: Այն նախագծվել է 2010-2011թթ. Nokia և Intel ընկերությունների կողմից և նախատեսված է եղել նեթբուքերի, պլանշետների և սմարթֆոնների համար: 2011թ. Nokia-ն պայմանագիր կնքեց Microsoft-ի հետ և սկսեց արտադրել սմարթֆոններ Windows Phone 7 ՕՀ-ի հիման վրա: MeeGo-ն դարձավ երկրորդական արտադրանք Nokia-ի համար և ընկերությունը թողարկեց ընդամենը մեկ MeeGo սմարթֆոն՝ Nokia N9-ը: 2012-ի հուլիսի սկզբում հայտնի դարձավ, որ MeeGo-ի նախագծողներից շատերը լքել են Nokia-ից: