Ռուսաստանում այլևս ինտերնետ-ազատություն չի լինի

Ռուսաստանի Պետդումայի անդամները միաձայն կողմ են քվեարկել և ընդունել են ինտերնետում գրաքննություն կիրառելու մասին օրինագիծը: Այսպիսով, ru դոմենային տիրույթը կդառնա Չինաստանի ինտերնետ շուկայի նմանակը:

Ինչպես հաղորդում է Ruformator-ը, Ռուսաստանում կստեղծվի պետական հատուկ մարմին, որն էլ իր հերթին կստեղծի արգելված տեղեկություններ տարածող կայքերի ցանկ: Պարբերաբար կատարվող մոնիթորինգի շնորհիվ, այս ցանկում տեղ կգտնեն բոլոր այն կայքերը, որոնք կպարունակեն անչափահասնելի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ, թմրանյութերի օգտագործման պրոպագանդա և մարդասպանության, ինքնասպանության մղող տեղեկություններ:

Հոսթինգ-մատակարարը պարտավոր է լինելու մեկ օրում կապվել «սև ցուցակում» ընդգրկված կայքի տիրոջ հետ և պահանջել վերացնել արգելված տեղեկություններ պարունակող էջը: Կայքի սեփականատիրոջ մերժման դեպքում, հոսթինգ-մատակարարը պարտավորվում է արգելափակել կայքը:

Այս օրինագիծը մի շարք ինտերնետ-ընկերությունների շրջանակում բողոքի ալիք բարձրացրեց: Օրինագծին դեմ հանդես եկան ՌԴ մարդու իրավունքների խորհուրդը, ռուսական «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը, Yandex, Livejournal և «Վկոնտակտե» ընկերությունները: