ՄԱԿ-ի հեռահաղորդակցության միությունը ցանկանում է վերահսկել ինտերնետը

Չինաստանը, Ռուսաստանը, մի շարք արաբական երկրներ և հեռահաղորդակցության օպերատորներ առաջարկում են ինտերնետի վերահսկում կատարել և այդ դերը հանձնել միջազգային կառույցի՝ մասնավորապես, ՄԱԿ-ի ներսում գործող Հեռահաղորդակցության միջազգային միությանը: 2012թ. վերջին Դուբայում կայանալու է ՄԱԿ-ի համաժողով, որի ընթացքում կքննարկվի հենց այս հարցը, ինչպես նաև ՀՄՄ առաջարկները՝ ինտերնետը վերահսկելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Նրա խոսքով, ՀՄՄ-ն ունի 193 անդամ երկիր, որոնցից 92-ը կողմ են ինտերնետը վերահսկելու մոտեցումներին:

Մասնավորապես, ՀՄՄ առաջարկներից են՝ հեռահաղորդակցություն սահմանման մեջ ավելացնել մշակում բառը, կատարել համակարգչային անվտնագություն՝ խստացնելով երեխաների պաշտպանությունն ինտերնետում և այլն: Առաջարկների թվում են նաև՝ ինտերնետ սակագները դարձնել ըստ Մբ-ների, որպեսզի ինտերնետ կազմակերպությունները վճարեն ինտերնետ-մատակարար ընկերություններին՝ օգտագործողների սպառած ծավալների համար:

Գրիգոր Սաղյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունն արդեն դիմել է ՀՀ օպերատորներին և մասնավոր հատվածին՝ պարզելու դիրքորոշումը ՀՄՄ-ի հարցում: Ըստ նրա, ինտերնետի բովանդակության կառավարումն այսօր արդիական խնդիր է.«Ինտերնետը սահմանում չունի և քանի դեռ սահմանում չկա, հնարավոր չէ այն կարգավորել: Շատ երկրներում ցանկանում են իշխանությունները վերահսկել ինտերնետը: Միայն Չինաստանում կա 100 հազ. մարդկանցից բաղկացած աշխատակազմ, ովքեր զբաղվում են ինտերնետ բովանդակության ֆիլտրմամբ: Ռուսաստանն էլ անցյալ շաբաթ ընդունեց ինտերնետի վերահսկման օրինագիծ»,-նշեց նա: Նրա խոսքով պետք է հանրությանը ներգրավել այս հարցում և տարածել այն մոտեցումները, որ չֆիլտրվեն ինտերնետ-ազատությունները:

2006թ-ին Հայաստանն ընդունել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիան, որը ստորագրել են 40 երկիր: «Ամեն գործընթաց ունի իր տրամաբանությունը»,-ընգծեց Գրիգոր Սաղյանը:

Եթե ՀՄՄ առաջարկները չլինեին, արդյո՞ք Հայաստանը Ռուսաստանի օրինակին կհետևեր և ինտերնետի վերահսկման օրինագիծ կմշակեր: ittrend.am-ի այս հարցին Գրիգոր Սաղյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ ոչ: Քանի որ Հայաստանը որդեգրել է Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհը, տվյալ պարագայում գերակայողը պետք է լինի Եվրոպական երկրների մոտեցումները և ոչ Ռուսաստանի»: Բանախոսը ընգծեց, որ Եվրոպան այդպես էլ չընդունեց ինտերնետը գրաքննող SOPA և PIPA օրինագծերը, ինչը ենթադրում է, որ Հայաստանը նույնպես պետք է նման դիրքորոշում ունենա: