Երևանում մեկնարկեց «Վիքիկոնֆերանս 2012»-ը

Քիչ առաջ Երևանում՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց երկօրյա «Վիքիկոնֆերանս 2012»-ը՝ կազմակերպված հայկական Վիքի հանրության և «ԱրմենՏել» ընկերության կողմից՝ Համաշխարհային Վիքիմեդիա հիմնադրամի հետ համատեղ:

Վիքիկոնֆերանսի մուտքն է ազատ է բոլոր հետաքրքրվողների համար: Այսօր կոնֆերանսի շրջանակում կկայան 3 նիստ, որոնց ընթացքում բանախոսները կխոսեն և կքննարկեն մի շարթ թեմաներ Վիքիպեդիայի մասին: Օրինակ հայկական Վիքիհամայնքը կպատմի համայնքի ձևավորման մասին, կբարձրացնի հայերեն Վիքիպեդիայի բովանդակության և լեզվի զարգացման հարցեր: Ներկայացումով հանդես կգա նաև Վրացերեն վիքիպեդիա համայնքի ներկայացուցիչը: Ամբողջ օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայկական Վիքիպեդիայի ադմիններից Վաչագան Ղռաթյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ակնկալիքները Վիքիկոնֆերանսից մեծ են: «Ես կարծում եմ, որ այս միջոցառումը կնպաստի Վիքիհամայնքի համալրմանը և մասնակիցների ակտիվացմանը: Հայաստանը Վիքիպեդիայում հոդվածների քանակով 74-րդ տեղն է: Միայն անցյալ տարի 90-րդն էին: Մենք ցանկանում ենք հայտնվել առաջին 50 երկրների թվում»,-ասաց նա:

Վաչագանի խոսքով, վերջին դեպքերից հետո հայերեն Վիքիպեդիան համալրվել է Գուրգեն Մարգարյանի և Ռամիլ Սաֆարովի մասին հոդվածներով: Նրա խոսքով, Ռամիլ Սաֆարովի մասին անգլերեն Վիքիպեդիայում հայտնված նյութն այնքան խմբագրումների է ենթարկվել ադրբեջանցիների և հայերի կողմից, որ ի վերջո նյութը փակվել է:

Այսօր Հայերեն Վիքիպեդիայում կա ավելի քան 31 հազ. նյութ: Ընդամենը 1 տարում հայերեն Վիքիպեդիան համալրվել է 15 հազ.-ից ավելի նյութերով: Հիշենք, որ հայերեն Վիքիպեդիայի համալրման համար Վիքի համայնքը հաճախակի կազմակերպում է Վիքիպեդիա հեքըթոններ, որոնց ընթացքում սովորեցնում է մասնակիցներին, թե ինչպես նյութեր ավելացնել ազատ հանրագիտարանում: