ԴիջիԹեք 2012-ին կմասնակցի Կորեայի հանրապետությունը

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին այս տարի առաջին անգամ կմասնակցի Կորեայի հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը, որը կներկայացնեն Կորեայի երկրի տեխնոլոգիական վերջին ձեռքբերումներն ու լուծումները: Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ մամուլի ծառայությունից:

Արդեն ավանդույթ է դարձել այլ երկրների տեխնոլոգիական ընկերությունների կողմից հայկական շուկա մուտք գործելը ԴիջիԹեք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի միջոցով: «Ցուցահանդեսը մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել»,- ասում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ցուցահանդեսի միջոցով հայկական շուկա են մուտք գործել «Նեյշնլ Ինսթրումենթս», «Միցուբիշի Էլեկտրիկ», «Կրոնե», «Սինգապուր թեքնոլոջիս» (ի դեմս «Սինգապուր կինետիքսի»), «ST Kinetics», ACC և այլ ընկերությունները,  որոնք աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից են։

Ցուցահանդեսի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի ԴիջիԹեքը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, նոր վայրում` «Երևան Էքսպո» կենտրոնում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի տարածքում:

ԴիջիԹեքի ինֆորմացիոն հովանավորներից է ittrend.am-ը: