MySpace սոցցանցն ամբողջությամբ կվերափոխվի

MySpace սոցիալական ցանցի սեփականատերերը հայտնել են կայքի նոր տարբերակի նախագծման մասին, որը կառուցվելու է «0»-ից: Նոր վերափոխված MySpace-ի մասին կարճ նկարագրություն-տեսանյութը հրապարակվել է այստեղ:

Նախագծողների խոսքով, նոր MySpace-ը «հավատարիմ է» մնալու իր բնույթին և նախատեսված է լինելու ստեղծագործ մարդկանց համար: Նրանք նախատեսում են, որ ցանցին կմիանան երաժիշտները, լուսանկարիչները, տեսահոլովակներ ստեղծողները, դիզայներները և այլ ստեղծագործողներ: Ցանկացողները կարող են myspace.com-ում ավելացնել սեփական էլ.հասցեն, որպեսզի կայքի գործարկումից հետո ստանան գրանցվելու հրավեր:

Սեպտեմբերի 24-ին MySpace-ի սեփականատեր-երաժիշտ Ջասթին Թիմբերլեյքը հրապարակել է իր բլոգում հղում, որը տանում է սոցցանցի նոր տարբերակի տեսգովազդի էջ: Տեսահոլովակում ցուցադրվում են ապագա MySpace -ի հնարավորությունները: Օգտագործողները կկարողանան հրապարակել գրառումներ, լուսանկարներ, վիդեոներ և երգեր: Թե երբ կգործարկվի վերափոխված MySpace-ն, առայժմ հայտնի չէ:

Հիշենք, որ MySpace-ը հիմնադրվել է 2003թ-ին և այն հիմնականում օգտագործում էին երաժիշտները: Մինչև 2008թ. այն համարվում էր ամենաճանաչված սոցցանցը, սակայն Facebook-ը առաջ է անցնում և հետագայում MySpace-ի օգտագործողների թիվը նվազում է: 2011թ.-ին MySpace-ը գնում է Specific Media ընկերությունը և Ջասթին Թիմբերլեյքը: