Այսօր ԵՊՀ-ում կանցկացվի Վիքիպեդիայի հմտությունների դասընթաց

Այսօր ժամը 12:30-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գրադարանի համակարգչային սրահում կմեկնարկի «Վիքիպեդիայի միջավայրում աշխատանքի հմտությունների զարգացում» խորագրով դասընթացը: Այն նախաձեռնել է Վիքիմեդիայի հայկական համայնքը: «Վիքիմեդիա հիմնադրամ»-ի հայաստանյան ներկայացուցչության համակարգող Սուսաննա Մկրտչյանը ittrend.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դասընթացի մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար:

Դասընթացի ընթացքում Վիքիպեդիայի հայկական համայնքի խմբագիրները կսովորեցնեն մասնակիցներին հանրագիտարանում նյութեր ավելացնելու և խմբագրելու հմտությունները, կծանոթացնեն Վիքիպեդիայի հիմնական գործիքներին:

Սուսաննա Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ այս շաբաթ նման դասընթաց անցկացվելու է նաև Գավառ քաղաքի ԵՊՀ մասնաճյուղում:

Հիշենք, որ այսօր Հայերեն Վիքիպեդիայում կա ավելի քան 31 հազ. նյութ: Ընդամենը 1 տարում հայերեն Վիքիպեդիան համալրվել է 15 հազ.-ից ավելի նյութերով: Հայերեն Վիքիպեդիայի համալրման նպատակով Վիքի համայնքը հաճախակի կազմակերպում է Վիքիպեդիա հեքըթոններ, որոնց ընթացքում սովորեցնում է մասնակիցներին, թե ինչպես նյութեր ավելացնել ազատ հանրագիտարանում: