Մինչև տարեվերջ iPhone 5-ը պաշտոնապես կվաճառվի Հայաստանում

Հայաստանում iPhone սմարթֆոնների պաշտոնական ներկայացուցիչ «Օրանժ Արմենիա» ընկերությունն այժմ բանակցում է Apple-ի հետ՝ մինչև տարեվերջ նոր 6-րդ սերնդի iPhone 5-ը Հայաստանում պաշտոնապես վաճառելու համար: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Ինչպես հայտնի է, iPhone 5-ն աշխատելու է հատուկ nano-SIM քարտերով: Դրանք 40%-ով փոքր են iPhone-ի նախորդ սերունդներում օգտագործվող micro-SIM քարտերից: Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, «Օրանժ Արմենիա»-ն 10 օրից կստանա հատուկ nano-SIM քարտերը: «Օրանժից iPhone 5-ը գնելը մի շարք առավելություններ է ունենալու՝ սկսած բոնուսներից մինչև երաշխիքային սպասարկում»,-ընդգծեց նա:

Ինչպես հայտնի է, iPhone 5-ը բացի 3G ցանցին միանում է նաև 4G LTE ցանցերին: «Օրանժ Արմենիա»-ն մոտ ապագայում Հայաստանում LTE ծածկույթի ստեղծման պլաններ չունի: Հայաստանում, այն էլ միայն Երևանի փոքր կենտրոնում ՎիվաՍել-ՄՏՍ-ն է ապահովում 4G ծածկույթ:

Որքա՞ն կարժենա Հայաստանում նոր iPhone 5-ը և արդյո՞ք սմարթֆոնի նախորդ սերունդները մատչելի կդառնան: Այս հարցերի պատասխանները Օրանժը կհայտնի Հայաստանում iPhone 5-ի վաճառքի մեկնարկի ժամանակ: