Երևանում մեկնարկել է «Հայաստանում Սինոփսիսի շաբաթ»-ը

Երևանում մեկնարկել է «Հայաստանում Սինոփսիսի շաբաթ» միջոցառումը, որը տոնում է բիզնեսի, կրթության և ՀՀ կառավարության համագործակցության համատեղ ձեռքբերումները, անցկացնելով մի շարք մրցանակաբաշխություններ և այլ հանդիսություններ, ինչպես նաև նպաստում է տարածաշրջանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը՝ կազմակերպելով Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան:

Միջոցառման շրջանակում «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն այսօր դիպլոմներ հանձնեց 46 մագիստրոսի և 43 բակալավրի կոչում ստացած ընկերության ուսումնական դեպարտամենտի շրջանավարտներին, այդ թվում 75 ՀՊՃՀ շրջանավարտի և 14 ԵՊՀ շրջանավարտի:

«Սինոփսիս» ընկերության համանախագահ Չի Ֆուն Չանը լրագրողների հետ զրույցում ասաց.«Մենք տեսնում ենք, թե ինչպես է տարեցտարի «Սինոփսիս Արմենիայի» թիմը կատարելագործվում և լրացուցիչ պատասխանատվություն վերցնում իր ուսերին: Մեր հաճախորդներից բոլորը գիտեն, որ մեր արտադրանքներից շատերն արտադրվում են Հայաստանում: Մի այլ հարցի վերաբերյալ ասեմ, որ մեր համալսարանական ծրագրերի մեծ մասը պատրաստվում է Հայաստանում: Եվ այդ նյութն օգտագործվում է աշխարհի տարբեր երկրների համալսարաններում: Մենք հարաբերություններ ունենք աշխարհի մոտ 1600 համալսարանների հետ»,-նշեց նա:

Չի Ֆուն Չանի խոսքով, «Սինոփսիսն» ամենից շատ աշխատակիցներ ունի ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում՝ 500: «Հայաստանում Սինոփսիսի շաբաթ»-ի շրջանակում անցկացվող միջոցառումներին կարող եք ծանոթանալ այստեղ: