Քննարկվում է Հայաստանում Microsoft Store ֆրենչայզի բացումը. Գրիգոր Բարսեղյան (հարցազրույց)

Այսօր ողջ աշխարհում մեկնարկել է Microsoft ընկերության երկար սպասված Windows 8 օպերացիոն համակարգի պաշտոնական վաճառքը: Այս տարի ընկերությունը հանդես եկավ մի շարք նորույթներոով՝ Windows 8-ից մինչև սեփական արտադրության պլանշետ: Այս կապակցությամբ ittrend.am-ը զրուցել է Microsoft-ի Հայաստանյան գրասենյակի՝ «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հետ:

Պր. Բարսեղյան, այս տարի դուք բազմիցս նշել եք, որ Microsoft-ի համար 2012թ-ը նման է 1995-ին: Ինչու՞ եք այդպես կարծում:

– Իրականում Microsoft-ը շատ է փոխվել: 1995-ի Microsoft-ը հեղափոխություն էր: ՏՏ ոլորտի զարգացման և հասանելիության հարցում Microsoft-ի դերը դժվար է գնահատել: Երբ Բիլ Գեյթսը դեռ 18 տարեկան էր, հայտարարեց, որ իր ընկերության առաքելությունն է ամեն աշխատասեղանի վրա մեկ համակարգչի առկայությունը: Իսկ այն ժամանակ համակարգիչները մեծ մեքենաներ էին, որոնցից կարողանում էին օգտվել միայն մասնագետները: Բիլը ցանկանում էր ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ և ծրագրային ապահովում, որ ՏՏ-ն հասանելի դառնա բոլորի համար:

Ընդհանրապես ցանկացած բիզնես պետք է առաքելություն ունենա: Եթե կոշիկ ես ցանկանում արտադրել, ապա քո առաքելությունն է ստեղծել մարդկանց համար հարմարավետ, գեղեցիկ կոշիկներ: Եթե ես իմ առաքելությունը լավ եմ կատարում, ես կունենամ հաջողակ բիզնես: 2000թ-ին Microsoft-ը հայտարարեց, որ իր առաքելությունն արդեն իրականացրել է, քանի որ ամեն սեղանին կա մեկ համակարգիչ: Microsoft-ի առաքելությունն ապագայի մեծ տեսլական է: Այս տարի ընկերության նորույթների առատությունը նման է հենց 1995-ին, երբ լույս տեսավ Windows 95-ը: Իսկ այսօր մենք հայտարարում ենք նոր օպերացիոն համակարգի` Windows 8-ի մասին, ինչպես նաև Windows Phone 8-ի, Surface պլանշետի, նոր սերվերային պրոդուկտների և ծրագրային փաթեթների մասին:

Windows 8-ի գովազդային արշավ սպասվու՞մ է Հայաստանում: Ինչպե՞ս է Windows 8-ը նախապատրաստում մուտքը հայկական շուկա:

– Գովազդային արշավ արդեն սկսել ենք, օրինակ «ԴիջիԹեք»-ի ժամանակ սեմինարի տեսքով ներկայացրեցինք Windows 8-ը: Այլ միջոցառումներ նույնպես սպասվում են: Կարծում եմ Windows 7-ից 8-ի անցնելու ոչ մի խնդիր չի լինի: Ամենադժվար փոփոխությունը, որը եղել է Windows-ի պատմության մեջ, դա Windows XP-ից Windows Vista-ի անցումն էր: Vista-ն լրիվ նոր մոտեցում էր՝ արտաքինով նման XP-ին, բայց հիմնական փոփոխություն կար տեխնոլոգիայում, որը զարգացավ Windows 7-ում և հիմա նաև 8-ում: Հիմնական տարբերությունը 8-ի նոր սլեյթերի ինտերֆեյսն է (slate interface): Սակայն 8-ը տալիս է ընտրության հնարավորություն, ունի նաև սովորական ինտերֆեյս: Միակ մեծ տարբերությունը, որը շոկի մեջ է գցում, start կոճակի բացակայությունն է: Սակայն նույն մասը սեղմելով՝ տեղափոխվում եք բոլոր ծրագրերի ինտերֆեյս:

Ի զարմանս ինձ, բավական շատ մարդիկ Windows 8-ն արդեն օգտագործում են իրենց համակարգիչներում: Չէի կարծում, որ այդքան էնտուզիաստներ կլինեն: Windows 8-ը ֆանտաստիկ հնարավորություններ է ստեղծում նախագծողների համար: Տեղական ընկերությունները կարող են իրենց ծրագրերը տեղադրել Հայաստանի համար local marketplace-ում: Windows Store-ում կան արդեն հայկական շուկային ուղղված ծրագրեր: Օրինակ՝ կա տարադրամի փոխարժեքի հայկական ծրագիր:

Պր. Բարսեղյան, Հայաստանում նկատվում է պահանջարկ պլանշետների նկատմամբ, մասնավորապես iPad-ների և Android պլանշետների: Ե՞րբ է Հայաստանում հայտնվելու Microsoft-ի Surface պլանշետը, որտեղի՞ց հնարավոր կլինի այն գնել:

– Microsoft-ն ունի այսպես կոչված «Microsoft Store»-եր ԱՄՆ-ում և այլ երկրներում: Հենց նմանատիպ խանութներում է վաճառվելու է Surface պլանշետը: Ընկերության համար շատ կարևոր է  հաջողությունը ԱՄՆ-ի շուկայում, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի և Ավստրալիայի շուկաներում: Հենց ԱՄՆ-ի շուկան է «մոդայի ձևավորողը»:

Կարող եմ վստահությամբ ասել, որ մոտակա 6 ամսում, վերոհիշյալ շուկաներից դուրս Surface-ի վաճառք չի սպասվում: Իսկ թե հետագայում ինչ կլինի, դժվար է ասել: Մյուս կողմից, Microsoft-ը նոր է retail բիզնեսում: Հնարավոր է, որ վաճառք լինի այլ մոդելով, օրինակ՝ ֆրենչայզի բացումով: Պետք է նշել, որ եթե խանութը լինի, ապա միայն Surface չի վաճառվելու: Microsoft-ն ունի այլ արտադրանքներ՝ մկնիկներ, վեբ-տեսախցիկներ, ստեղնաշարեր, որոնք բավական որակյալ և մատչելի են շուկայում: Ֆրենչայզի հնարավոր բացումը քննարկվում է:

Ես կարծում եմ, որ Surface-ը բավական մրցունակ է: Հայտարարված արժեքը՝ 499 դոլարը, գրեթե հավասար է ipad-ի արժեքին: Բացի դրանից, Windows 8-ի թողարկմամբ շուկայում կհայտնվեն այլ արտադրողների Windows պլանշետներ՝ Dell, HP, Acer և այլն:  Նոյեմբերին սպասում ենք, որ Հայաստան պլանշետ ներմուծողները կբերեն նաև Windows պլանշետներ:

Բազմաթիվ խոշոր տեխնոբլոգեր, ինչպիսիք են Digitimes-ը կամ Mashable-ը, իրենց ինսայդերական աղբյուրներին հղելով, գրում են, որ Microsoft-ը նախագծում է Surface սմարթֆոն: Այս կապակցությամբ կցանկանայինք լսել «Մայքրոսոֆթ Հայաստանի» մեկնաբանությունը:

– Քանի որ այդ ինֆորմացիան ինձ հասանելի չէ, ես չեմ կարող հստակ որևէ բան ասել: Microsoft-ն ամեն տարի մինչև 10 մլրդ. դոլար է հատկացնում նոր տեխնոլոգիաների և արտադրաքների զարգացմանը: Ընկերությունը ինչ որ ռազմավարական պլաններ ունի, որոնք պարզ է, որ չի տարածում: Սակայն Microsoft-ը միշտ ազնիվ է լինում, և հայտնում, որ արտադրելու է այսինչ ապրանքը կամ չի արտադրելու: Surface պլանշետի համար էլ նախօրոք հայտարարվել էր:

Microsoft Global-ի համար Հայաստանը որպես շուկա ի՞նչ դեր ունի:

– Microsoft-ի համար տարբերություն չկա, թե ընկերությունը որտեղ է գործում: Պատասխանատվությունն ամենուր շատ մեծ է: Ընկերությունը գործում է «One Microsoft» կարգախոսով: Տարբեր երկրներում բազում խնդիրներ են լինում՝ ընդհուպ մինչև քաղաքական կամ կրոնական: Օրինակ, երբ ընկերությունն արտադրում էր խաղային ջոյսթիկներ կիսալուսնի տեսքով, մուսուլմանները վիրավորվել էին: Microsoft-ն ամեն ինչ անում է, որ ոչ մի տարբերություն չլինի որևէ երկրում: Ավելին, նույնը կիրառվում է գնային քաղաքականությունում: ԱՄՆ-ում գոյություն ունի import-export օրենսդրություն, որը թույլ չի տալիս տարբեր երկրներում միևնույն արտադրանքը վաճառել տարբեր արժեքով: Եթե մի տեղ անգամ 10 ցենտի տարբերություն լինի, մի երկրից մյուս երկիր ապրանքի արտահոսք կսկսվի: Միայն Ռուսաստանում է մատչելի, քանի որ ռուսերեն Windows-ը դիտվում է որպես առանձին արտադրանք:

Իսկ եթե համեմատենք տարածաշրջանի հետ, ապա ընկերությունն այնքան խելամիտ գտնվեց, որ Microsoft-ի Հայաստանյան և Ադրբեջանական գրասենյակները բացեց միաժամանակ: Մեր ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ-ը) տարածաշրջանում միակն է և ըստ Microsoft-ի աշխարհի լավագույն ՄԻԿ-երից է: Կարծում եմ, որ Հայաստանը հետաքրքրել է Microsoft-ին հենց ՏՏ-ի և մասնագետների բարձր զարգացվածությամբ: Բացելով գրասենյակ Հայասատանում՝ ընկերությունը մեծ ռիսկի դիմեց, քանի որ այստեղ պիռատությունը 96% էր: Microsoft-ը օրինակ ծառայեց մի շարք այլ ընկերությունների համար, որոնք ավելի ուշ եկան Հայաստանի շուկա: