ՀՀ նախագահի համարշխարհային ՏՏ մրցանակը կստանա «Synaptics»-ի նախագահը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալված «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը հանդիպել է ՏՏ ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ և հանդես է եկել ինֆորմատիկայի ապագայի մասին դասախոսությամբ:

Դոկտոր Ֆաջինը  Հայաստան է ժամանել  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012թ. մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակը) ստանալու համար, և այցի շրջանակներում տեղի կունենա Նախագահի մրցանակի հանձնման արարողությունը:

«Վստահ եմ, որ տարիներ անց մենք կարձանագրենք, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր և հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, եկել են Հայաստան` իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիաների ժամանակակից մշակույթ և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչելիությունը, որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր»,-ասել է մրցանակաբաշխության Գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Համաշխարհային ՏՏ մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է այդ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ Հայաստանն ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում զարգացող կենտրոն լինելու իր հավակնությունը: Դոկտոր Ֆաջինը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի երրորդ դափնեկիրն է: Նախկին դափնեկիրները` Ինտել կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն/տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը և “Apple Computer” կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մրցանակով են պարգևատրվել համապատասխանաբար` 2010 և 2011 թթ.-ին:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացնում են ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեն և միջազգային ընտրող հանձնաժողովը: Մրցանակը բաղկացած է Հայաստանը և տեղեկատվական տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից: Մրցանակը ֆինանսավորել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: