«ArmNet Awards 2012»-ի ժյուրին այսօր կկազմի հավակնորդների short list-ը. Սամվել Մարտիրոսյան

Այսօր «ArmNet Awards 2012» համահայկական ինտերնետային մրցույթի ժյուրին կազմելու է անվականարգերի հավակնորդների short list-ը՝ յուրաքանչյուր անվանակարգում 5 հավակնորդ: Արդեն երեք տարի անցկացվող մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի կրկին տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն է:

ittrend.am-ի հետ զրույցում նա կիսվեց այս տարի «ArmNet Awards»-ին ներկայացված կայքերի որակի մասին:

«Ամեն տարի միշտ նույն խնդիրը կա. այն է, որ արդեն նախորդ տարիներին լավագույն ճանաչվածները միշտ չեն կարող մասնակցել, քանի որ պետք է գոնե փոփոխություններ կամ նորություններ ունենալ: Իսկ ընդհանուր առմամբ, այս տարի նկատվում է կայքերի տեխնիկական զարգացում: Չեմ կարող որևէ կայք կարելի է «անկապ» կատեգորիայի տակ դասել, քանի որ կան կայքեր, որոնք անվճար հարթակով են պատրաստված, տեխնիկապես լավը չեն, սակայն բովանդակությամբ հետաքրիր են: Եթե մարդ մի բան անում է, ջանք է գործադրում, ուրեմն արդեն անկապ չէ»,- ընդգծեց նա:

Ժյուրիի նախագահի խոսքով, այս տարի մրցույթն ունի նոր երկու անվանակարգ՝ «Հասարակական ազդեցություն» և «Լավագույն բջջային հավելված», որոնք կայքերի հետ համեմատել սխալ է: Ըստ Սամվել Մարտիրոսյանի, վերոհիշյալ երկու անվանակարգերում կան բավական հետաքրքիր թեկնածուներ:

Հիշենք, որ այս տարի «ArmNet Awards»-ին ներկայացվել է 540 հայտ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 8-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

«ArmNet 2012»-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը: Մրցույթին մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել ArmNet 2012-ի պաշտոնական կայքում` www.armnetawards.am : ArmNet 2012 ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը ևՀայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: Ինֆորմացիոն հովանավորն է ittrend.am-ը: