Երվանդ Զօրեանը կնախագահի 50-րդ DAC-ը

Սինոփսիսի Solutions Group ստորաբաժանման գլխավոր ճարտարագետ Երվանդ Զօրեանը կնախագահի 50-րդ DAC (Design Automation Conference), որը տեղի կունենա 2013 թ.-ի հունիսի 2-6-ը ԱՄՆ-ում:  Այս մասին տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիա»-ի գրասենյակից:

Երվանդ Զօրեանը ստացել է էլեկտրատեխնիկական ճարտարագիտության իր դոկտորի կոչումը ՄակԳիլ համալսարանից, գործարար կառավարման մագիստրոսի կոչումը Պենսիլվանիայի համալսարանի  Ուարթոն կառավարման դպրոցից, և Քաղաքացիական Ճարտարագիտության իր մագիստրոսի կոչումը Հարավային Կալիֆորնիայի համալսարանից:  Վերջին 7 տարիներին եղել է DAC-ի գործադիր հանձնաժողովի անդամ: Որպես 50-րդ DAC-ի գլխավոր նախագահ, նա կարծում է, որ հաջորդ տարվա գիտաժողովը կնշանավորի մեծ ձեռքբերում նորարարության ոլորտում: Հաճախորդների հետ համագործակցելու իր բացառիկ ձիրքը բանացնելու շնորհիվ Երվանդ Զօրեանը շատ կարևոր դեր է ունեցել STAR Memory System արտադրանքի համար այնպիսի նոր հաճախորդներ գտնելու գործում, ինչպիսիք են Apple, Intel, Hitachi, LSI, Renesas, Samsung, ST, TSMC և UMC:

Նախագծման ավտոմատացման գիտաժողովը (DAC) էլեկտրոնային սխեմաների և համակարգերի, ինչպես նաև ԷՆԱ և սիլիկոնային լուծումների նախագծման ոլորտի առաջնային միջոցառում է: DAC գիտաժողովի ընթացքում մի շարք տեխնիկական ներկայացումներ են ցուցադրվում, ինչպես նաև էլեկտրոնային նախագծման ոլորտի ավելի քան 200 առաջատար մատակարարներ մասնակցում են գունեղ առևտրային ցուցահանդեսի, որը, բառիս բուն իմաստով, գրավում է շահագրգռված մարդկանց և կազմակերպություններ ամբողջ աշխարհից: