Կկատարվի Հայաստանում ինտերնետ օգտագործողների թվի հաշվարկ

Երեկ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդաբանությանը, ինչպես նաև Հայաստանում ինտերնետ օգտագործողների թվի հաշվարկի նպատակով անհրաժեշտ ցուցանիշները տրամադրող կամ հրապարակող գերատեսչությունների ցանկին։

Այս որոշման ընդունմամբ կկանոնակարգվի համացանցից օգտվողների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների հավաքման խնդիրը, ինչպես նաև ՀՀ-ում համացանցից օգտվողների ճշգրիտ թիվը։

Որոշման նախագծի համաձայն, առաջին փուլում կհաշվարկվի 15-74 տարեկան անձանց թվաքանակը: Այնուհետ կհաշվարկվի ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ և դայլ-ափ (dial-up) բաժանորդագրությունները: Հաշվարկվելու է նաև առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թիվը, որը ներառում է որպես USB  մոդեմ, նաև շարժական կապի WiMax բաժանորդագրությունները:

Նախագիծը նախատեսում է նաև ստանդարտ շարժական կապի բաժանորդագրությունների հաշվարկ` լայնաշերտ կապի 256 Մբ/վ և ավելի արագություններով տվյալների հաղորդման միջոցով: