Dasaran.am-ը համալրվել է «Դիմորդի անկյուն» նոր բաժնով

Dasaran.am-ի կայքում տեղ է գտել «Դիմորդի անկյուն» նոր նախագիծը: Հատուկ ապագա ուսանողների համար պատրաստված «Դիմորդի անկյուն»-ը թույլ է տալիս մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաև ուսման վարձերի չափին:

Բաժնում ներկայացված են նաև առարկայական ուղեցույց և ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը և առարկայական ուղեցույցները: «Դիմորդի անկյան» շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՀ բուհերի վերաբերյալ ընդունված օրենքներին և որոշումներին, ինչպես նաև օգտվել մասնագիտական ուղեցույցից և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Նշենք, որ մասնագիտության ընտրությունը հնարավոր է անել` քննական առարկան կամ առարկաները ընտրելու միջոցով:

Հիշեցնենք, որ Dasaran.am-ն ընդգրկել է իր ցանցում 502 դպրոց` այս պահին ունենալով ավելի քան 450.000 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 502 ուսուցիչներ և 20.256 ուսուցիչներ: 2012թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 այցելություն և 42.271.801 էջադիտում: