ՎիվաՍել-ՄՏՍ-ը 70մլն. դրամ կհատկացնի 2013թ. ՏՏ ոլորտի ծրագրերի իրականացմանը

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրեցին 2012թ. համատեղ իրականացրած ծրագրերը և տեղեկացրեցին, որ համագործակցությունը շարունակվելու է նաև 2013-ին:

«Վերջին 3 տարիներին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ֆինանսավորել է համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը: Գալիք տարի այս նախագիծը կրկին կանցկացվի»,- նշեց «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրենը:

Նրա խոսքով, երկու ընկերությունների համատեղ ծրագրերից է նաև Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադան, որը վերջին 7 տարում վերաճել է միջազգային մրցույթի՝ 2012-ին ընդգրկելով 418 մասնակից 14 երկրից:

«Մենք արդեն ունենք նոր հայտեր Չիլիից, Վրաստանի, Իտալիայից, Արգենտինայից: Այդ երկրների օլիմպիադաների հաղթողները կմասնակցեն Հայաստանի մրցույթին: Սա նշանակում է, որ Հայաստանը միկրոէլեկտրոնային ասպարեզում լուրջ դիրքերում է»,- հավելեց Հովիկ Մուսայելյանը:

Բանախոսները նշեցին նաև «Տարվա լավագույն ՏՏ կառավարիչներ» մրցանակը, որի հաղթողները մասնակցում են երկշաբաթյա դասընթացների Սթենֆորդի համալսարանում (ԱՄՆ) և «Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա» ծրագիրը, ուր բացվել է 2 լաբորատորիա:

Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ 2013-ին թվարկված ծրագրերի համար ընկերությունը կհատկացնի շուրջ 70 մլն. դրամ: Հիշեցնենք, որ 2012-ին ընկերությունը հատկացրել էր 75մլն. դրամ: Ինչ վերաբերում է նոր նախագծերի կամ ծրագրերի անցկացմանը, Հովիկ Մուսայելյանը նշեց, որ դրանք քննարկման փուլում են և առայժմ չեն ցանկանում հայտարարել դեռևս չհաստատված ծրագրերի մասին: