Երևանում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը

Անցած շաբաթ օրը Երևանում կայացավ Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Մոսկվա կինոթատրոնում հանդիսատեսին ներկայացվեց Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներ, որից հետո կայացավ փառատոնի առաջին ֆիլմի՝ «Ակվարիում»-ի ցուցադրությունը: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակել է 2013 թվականը Միջազգային ջրային համագործակցության տարի: Պայմանավորված վերը նշվածով Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնին ներկայացված ֆիլմերը անդրադառնում են ջրային թեմային:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է հայ հանդիաստեսին ներկայացնելու բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները: Կինոարվեստն այն ազդեցիկ և տպավորիչ միջոցն է, որը թույլ է տալիս ներկայացնել ժամանակակից աշխարհի առջև կանգնած մարտահրավերների լուծման բրիտանացի ռեժիսորների մեկնաբանությունները»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Որպես Հայաստանի խոշորագույն  հեռահաղորդակցության օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը  աջակցում  է  մշակութային և բնապահպանական ծրագրերին: Մենք հաճույքով ընդունեցինք  Բրիտանական խորհրդի առաջարկը և դարձանք փառատոնի գլխավոր գործընկեր: Ջրային պաշարների հետ կապված մտահոգությունները բավականին լուրջ քննարկվում են ամբողջ աշխարհում  և այն արդիական է նաև Հայաստանում: Մենք բոլորս շատ ենք սիրում մեր երկիրը և հոգ ենք տանում շրջակա միջավայրի հանդեպ, իսկ այս փառատոնը հնարավորություն է ընձեռում մեզ այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: Կարծում եմ շատ կարևոր է, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվեն ոչ միայն մասնագիտացված կազմակերպություններ, այլ նաև մշակույթի ներկայացուցիչները»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը

Փառատոնի շրջանակում «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվի բրիտանացի կինոգործիչների կողմից ստեղծված 9 ֆիլմ: Մարտի 2-ից  մարտի 7-ը ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա»  կինոթատրոնում ժամը 16:00-ին և 18:00-ին, իսկ մարտի 8-ից մարտի 10-ը «Նաիրի» կինոթատրոնում` ժամը 14:30 և 16:30: Մուտքն ազատ է:

Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Երևան, Երկիր Մեդիա, Լայմ և Շողակաթ հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Արձագանք ռադիոկայանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, ArmRadio FM 107-ը, Լրատվական 106.5 ռադիոն և Ռադիո Ջանը:  Մարզերում փառատոնին կաջակցեն Սոսի, Լաստ, և  Հրազդան հեռուստաընկերությունները: