Երևակայության գավաթ Հայաստան 2013 մրցույթի հաղթողը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ՝ ներկայացնելու Հայաստանը համաշխարհային եզրափակչին

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը, Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ)՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության  («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հետ համատեղ, հայտարարում են Երևակայության գավաթ 2013 մրցույթի հայաստանյան ընտրական փուլի մեկնարկը:

Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանը այս տարվա հուլիսին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2013-ի համաշխարհային եզրափակչին:

Մրցույթի նպատակն է աջակցել ուսանողներին մշակելու նոր ծրագրային/ՏՏ լուծումներ, որոնք կնպաստեն նորարարության խթանմանը և համաշխարհային խնդիրների լուծմանը: Այս տարի մրցույթն անցկացվելու է հետևյալ անվանակարգերում՝ 1. Խաղեր, 2. Նորարարություն, 3. Համաշխարհային քաղաքացիություն: Այս տարի Մայքրոսոֆթը կրկնապատկել է հաղթող թիմերի պարգևատրման գումարը՝ հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլարի:

Թեև մրցույթը նախատեսված է ուսանողների համար, սակայն իբրև գաղափարի հեղինակ և թիմի համակարգող (մենտոր) կարող է հանդես գալ 16 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից:  Նախորդ տարիների նման այս տարի ևս կազմակերպիչները հանդիպումներ կանցկացնեն դիմում-հայտ ներկայացրած թիմերի հետ և կտրամադրեն տեխնիկական և խորհրդատվական աջակցություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմում-հայտերը ներբեռնել www.mic.am կայքից մինչև 2013թ. ապրիլի 8-ը: Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկատվության համար այցելել www.imaginecup.com կայք:

Երևակայության գավաթը Մայքրոսոֆթի ամենավառ ուսանողական միջոցառումն է:

Մրցույթի անցկացման 11 տարիների ընթացքում ավելի քան 1 մլն. ուսանողներ են մասնակցել աշխարհի 183 երկրներից: Մրցույթը հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց նորարար և համարձակ գաղափարներով մասնակցել աշխարհի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ինչպես նաև բացահայտել սեփական

ներուժը: Մրցույթի հաղթող թիմը հնարավորություն է ստանում Մայքրոսոֆթի աջակցությամբ իրականացնել իր գաղափարը, իսկ ներկայացված մյուս լավագույն նախագծերը, իրավունք են ստանում դիմել հատուկ ֆինանսավորման հիմնադրամին՝ ծրագրերը կյանքի կոչելու համար: