Այս շաբաթ Երևանում կմեկնարկի առաջին DevFest միջոցառումը

Սեպտեմբերի 28-29-ը  ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում  կանցկացվի նախագծողների կոնֆերանս «DevFest Armenia 2013»-ը: Այս միջոցառումն առաջին անգամ է անկացվում Հայաստանում: Միջոցառմանը կներկայացվեն ինչպես Google-ի, այնպես էլ այլ տեխնոլոգիաների մասին զեկույցներ և ներկայացումներ (Միջոցառման ամբողջական օրակարգը տես այստեղ): Այս մասին itTREND.am-ին տեղեկացրեց միջոցառման կազմակերպչական թիմի անդամ Վարդան Գրիգորյանը:

Երկօրյա միջոցառման կոնֆերանսի և DevBarcamp-ի ընթացքում հանդես կգան հայաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները՝ իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումների մասին ներկայացումներով: Միջոցառմանը ներկա կլինի Google Ընկերության հատուկ բանագնացը՝ Իգոր Մահանյոկը, ով կոնֆերանսում իր զեկույցի ժամանակ կներկայացնի Google Glass-ն իր մի քանի առանձնահատկություններով: Հատուկ հյուրերի թվում են նաև Google Developer Group Tbilisi-ի մոդերատորները, ովքեր ևս հանդես կգան իրենց տեխնոլոգիական ներկայացումներով:

Կոնֆերանսին զուգահեռ նախատեսվում է նաև անցկացնել Android հաքաթոն՝ ArmHack Droid խորագրով, որը սեպտեմբերի 29-ին կշարունակվի 8 ժամ: Հաղթող խմբին կհանձնվի հատուկ մրցանակ՝ Asus Nexus 7 գրասալիկ:

Միջոցառման գործընկեր Bet Construct Ընկերությունն իր հերթին նախապատրաստել է 1000 ԱՄՆ դոլար դրամական մրցանակ այն թիմին, ով կկարողանա հաքաթոնի ընթացքում ստեղծել Իրական ժամանակում տեսանյութերի և թվիթների հոսք ապահովող Անդրոիդ հավելված: Հաղթող թիմը նաև 2013թ. հոկտեմբերի 17-ին GDG Armenia խմբի հետ կմեկնի Թբիլիսի՝ մասնակցելու DevFest Tbilisi 2013 միջոցառմանը:

Միջոցառման կազմակերպիչն է Google Developer Group Armenia-ն՝ Google ընկերության օժանդակությամբ: Միջոցառմանն աջակցել են նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Bet Construct և LinkGard ընկերությունները:

Միջոցառման մասնակցության գրանցումն արդեն փակվել է, սակայն յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել միջոցառմանը՝ սեպտեմբերի 28-29-ին ուղղակի այցելելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Գրանցված և չգրանցված մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել կոնֆերանսին և քննարկումներին, զրուցել հատուկ բանագնացների հետ, ուսումնասիրել Google Glass-ը: Գրանցված մասնակիցներին կտրվեն նաև DevFest Armenia-ի շապիկներ և սրճարանից անվճար օգտվելու թևնոցներ:

DevFest Armenia 2013-ի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝devfest.gdg.am