«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին նվիրված մրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) ամփոփեց «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթի արդյունքները: Մրցույթը նվիրված էր երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին և իրականացվում էր լուսանկար, էսսէ և կարճ պատմվածք անվանակարգերում:

Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պարգևատրեց մրցույթի հաղթողներին: Հատուկ հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր անվանակարգում հաղթող աշխատանքների հեղինակներ՝ Դավիթ Յավրյանը (կարճ պատմվածք), Նվարդ Մինասյանը (լուսանկար) և Վալերիա Ղաբուզյանը (էսսէ) որպես մրցանակ ստացան Samsung Galaxy Note 10.1 (N8000) պլանշետներ:

Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia խմբի պաշտոնական էջում կայացած քվեարկության արդյունքում Արարատ Գուլանյանի աշխատանքն արժանանացավ ֆեյսբուքի երկրպագուների համակրանքին և պարգևատրվեց  հատուկ մրցանակով՝ ILIFE WTAB 704 DC պլանշետով:

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած մյուս ութ մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ Energy System Media Tablet S7 պլանշետներ:

«ԱրմենՏել ընկերության անունից սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր յուրովի ներկայացրեցին մայրաքաղաքի հեռախոսակապի զարգացման հարյուրամյա պատմությունը՝ ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում և վառ երևակայություն:  Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք երևանյան հեռախոսակապի  դարավոր պատմության կրողը և անչափ ուրախ, որ մրցույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ հենց նրանք են մեզ հետ միասին կերտելու այս պատմության շարունակությունը:  Եղեք ավելի ակտիվ, ստեղծագործ և նախաձեռնող, իսկ մենք կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը», – նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթ մեկնարկել էր սույն թվականի սեպտեմբերի 19-ին: Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել է ավելի քան 150 աշխատանք: