«ԱրմենՏել»-ն ավարտել է 3G ցանցի արդիականացումը Դիլիջանում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է Դիլիջան քաղաքում  3G ցանցի արդիականացման աշխատանքների ավարտի մասին: Ժամանակակից սարքավորումների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է գրեթե 30 քմ. կիլոմետրով, իսկ  ծածկույթի որակն՝ երեք անգամ:

«ԱրմենՏել» ընկերության կողմից կազմակերպված մամլո-շրջագայության ընթացքում ընկերության տեխնիկական բլոկի ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրեցին Beeline 3G ցանցի ծածկույթի քարտեզը և  արագության հնարավորությունները: Որից հետո Հայաստանի առաջատար ԶԼՄ-ների լրագրողները իրենց սմարթֆոններով և պլանշետային համակարգիչներով կարողացան փորձարկել 3G կապի ծածկույթի որակը Դիլիջանում և շրջակայքում:

«Կարծում ենք, որ Beeline ծառայությունները մեր բաժանորդների համար առաջին հերթին պետք է լինեն հարմար և մատչելի, ինչն ապահովվում է մեր շահավետ սակագնային փաթեթների ընտրությամբ՝ առաջարկների հարմարավետության և կապի որակի համադրությամբ: Մեզ համար շատ հաճելի է, որ ամանոյա արձակուրդների և տոների նախաշեմին մեր երկրի ամենաճանաչված հանգստյան գոտիներից մեկը ապահովված կլինի 3G որակյալ կապով, իսկ հանգստացողները կարող են առավելագույն հարամարավետությամբ օգտվել Beeline ժամանակակից կապի ծառայություններից»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2013թ-ի 3-րդ եռամսյակում իրականացրել է բջջային ցանցի ընդլայմանն աշխատանքներ ոչ միայն մայրաքաղաքում, այլև շրջաններում: Մասնավորապես, իրականացվել են աշխատանքներ Սյունիքի մարզի Խնածախ և Վաղատուր համայնքներում: Ս.թ. հոկտեմբեր ամսին Beeline 3G ցանցը գործարկվեց Լոռու մարզի Միխայլովկա և Պրիվոլնոյե համայնքներում: