IBM-ը պատրաստ է աջակցել ՀՀ բուհերին և ՏՏ ընկերություններին

IBM LogoՍ.թ. մայիսի 20-ին ՀՀ կառավարության և IBM-ի միջև կնքված հուշագրում նշված համագործակցության շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, IBM ընկերության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում ստեղծվելու է IBM Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոն, որը կզարգացնի ՏՀՏ նորարարական լուծումների մշակման հիմնական կարողությունները, կստեղծի նպաստավոր միջավայր կայուն բիզնես ձևավորելու համար, ինչպես նաև ՏՀՏ ընկերություններին և այլ ՓՄՁ-ներին կտրամադրի բիզնեսի զարգացման ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ: Այս մասին տեղեկացնում են ՁԻՀ մամլո ծառայությունից:

Կենտրոնը Հայաստանի բազմաթիվ միջին ու փոքր ՏՏ ընկերություններին կառաջարկի բիզնեսի հիմնական կարողությունների, տեխնիկական և ոչ մասնագիտական հմտությունների զարգացման նորարարական ու արդյունավետ մոտեցումներ, ինչպես նաև կօգնի կրթական հաստատություններին ձեռք բերել և փոխանցել շուկայի ներկայիս և ապագա պահանջներին համապատասխան նոր գիտելիքներ՝ տրամադրելով ենթակառուցվածք և ռեսուրսներ:

IBM Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրի շրջանակում  նոյեմբերի 25-ին և 26-ին կանցկացվեն սեմինարներ IBM-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այսօր՝ նոյեմբերի 25-ին IBM-ի ներկայացուցիչները հանդիպելու են Հայաստանի առաջատար բուհերի ներկայացուցիչներին՝ քննարկելու IBM-ի Ակադեմիական նախաձեռնության հեռանկարները Հայաստանում: Ակադեմիական նախաձեռնության առաջնային նպատակը Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երին արդիական գիտելիքներ և տեխնոլոգիաներ տրամադրելն է: Ծրագրի շրջանակում Հայաստանի ուսումնական հաստատություններին անվճար տրամադրվելու է IBM-ի նորագույն սարքավորումներից, ծրագրային ապահովումներից, ինչպես նաև վիրտուալ գրադարաններից և ուսումնամեթոդաբանական նյութերից օգտվելու հնարավորություն:

Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ տարածքում գործող բոլոր հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Առաջարկվող ուսումնական ծրագրերի ուղղություններն են`Բիզնես անալիտիկա, Բիզնես և ՏՏ, Cloud Computing, ՏՏ ծառայությունների կառավարում, Տեղեկատվության կառավարում, Ծրագրային ապահովման մշակում, Անվտանգության և տեղեկատվության ապահովման ուղղություններ:

Նոյեմբերի 26-ին նախատեսվում է IBM-ի ներկայացուցիչների հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործող նորաստեղծ ընկերությունների և թիմերի, ինչպես նաև ուսանողների հետ: Հանդիպմանը կքննարկվեն Հայաստանում Smarter Planet մրցութային ծրագրի առաջնային ուղղությունները: Բացի այդ, մասնակիցները կծանոթանան ՏՏ զարգացման համաշխարհային միտումներին, IBM-ի հետ հնարավոր համագործակցության ուղիներին, ինչպես նաև IBM-ի ծրագրային ապահովումների և պլատֆորմների հիման վրա սեփական բիզնես գաղափարների իրականացման հնարավորություններին: