ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընթացիկ տարում 143 նոր բազային կայան տեղադրեց`հանրապետության ամբողջ տարածքում դրանց թիվը հասցնելով 1055-ի

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2013 թվականին Հայաստանի տարածքում իրականացրել է  բջջային ցանցի ընդլայնման և վերազինման աշխատանքներ: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հզորացրել է ցանցի թողունակությունը՝ տվյալների փոխանցման ավելի բարձր արագություն և ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելու նպատակով՝ հաշվի առնելով նաև առաջիկա տարիներին վերը նշված ծառայությունների սպառման ծավալների ակնկալվող աճը: Ցանցի վերազինումը թույլ կտա շարունակել նորարական տեխնոլոգիական լուծումների ներդրումը՝ բնակչությանն առավել արդիական և հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը 143 նոր բազային կայան է տեղադրել հանրապետության ամբողջ տարածքում: Դրանցից գերակշիռ մասը՝ 103-ը տեղադրվել է գյուղական համայնքներում, իսկ 40-ը՝ քաղաքներում: Զուգահեռաբար՝ արդիականացվել և երրորդ սերնդի սարքավորումներով է համալրվել նախկինում գործող 122 բազային կայան:

Հայաստանի բնակչության 87 տոկոսը կարող է օգտվել 42,2 մեգաբիթ/ վրկ արագությամբ ծառայություններից: Դրանցով ամբողջությամբ ապահովված են   Երևանը, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերը: Զուգահեռաբար՝ Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի բոլոր քաղաքները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ունի շարժական ամենահզոր ցանցը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2G and 3G ցանցերի ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակչության ավելի քան 99%-ը:

Բազային կայանների տեղադրման մասին որոշում կայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) չափանիշներով: Կայանների տեղադրումը և շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայությունների ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիրներ են, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ապահովելու փոքր բնակչություն և ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային և ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով: