Facebook սոցցանցն իր դատա-կենտրոններում կօգտագործի Blu-ray սկավառակներ՝ օգտագործողների ոչ այնքան կարևոր տվյալները պահպանելու համար, հաղորդում է PCWorld-ը:
Այս մասին Open Compute Summit համաժողովին հայտարարել է Facebook-ի ինժեներային ծառայության փոխնախագահ Ջեյ Պարիխը: Նրա խոսքով՝ Blu-ray սկավառակների օգտագործումը դատա-կենտրոններում նվազեցնում է ծախսերի 50%-ն ու էներգաօգտագործման 80%-ը՝ համեմատած կոշտ սկավառակների հետ: Blu-ray սկավառակների վրա տվյալները կպահպանվեն 50 տարի:
Սոցցանցի մասնագետների կողմից ստեղծված համակարգը ներառում է 10 հազար Blu-ray սկավառակ, որոնք աշխատում են մեկ մոդուլում և ունեն ընդհանուր 1 Պբ ծավալ: Ապագայում մոդուլի տարողությունը կհասցվի 5 Պբ-ի:
Հիշեցնենք, որ Facebook-ում այսօր գրանցված է 1,2 միլիարդ օգտագործող:
Աղբյուրը՝ pcworld.com