5 ամենասպասված նորամուծությունները Facebook սոցցանցից

facebook-iphone-app-600

Facebook սոցցանցն այսօր նշում է իր տասնամյակը և շարունակում է ՏՏ շուկայում մնալ միտումներ թելադրող ծառայություններից մեկը: Փորձենք հասկանալ, թե որոնք են լինելու սոցցանցի կողմից ամենասպասված նորամուծությունները առաջիկա տարիների ընթացքում:

1. Mobile ծառայություններ

Բջջային ծառայություններն այսօրվա Facebook-ի համար առաջնային կարևորություն ունեն: Սմարթֆոնի միջոցով սոցցանցից օգտվողների թիվը հասնում է արդդեն մեկ միլիարդի, իսկ 2013-ի դրությամբ բջջային գովազդն ապահովել է եկամտի 40%-ը: Վերջերս կայացած համաժողովներից մեկի ժամանակ սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը նշեց, որ Facebook-ը մտադիր է կենտրոնանալ ինքնուրույն հավելվածների ստեղծման վրա: Դրանցից են օրինակ՝ Instagram, Messenger հավելվածները, իսկ այժմ արդեն՝ Paper նորությունների ագրեգատորը:

 2. Նորությունների աղբյուր

Սոցցանցերը, այդ թվում՝ Facebook-ը, օրեցօր ավելի ակտիվ են մրցակցում ավանդական լրատվամիջոցների հետ: Օգտագործողներն ավելի քիչ են այցելում լրատվական կայքեր, քանի որ դրանք բոլորն էլ էջեր ունեն սոցցանցում և նույն նորությունը կարելի է կարդալ Facebook-ի լրահոսում:

Բացի այդ՝ Open Graph հարթակը թույլ է տալիս օգտագործողներին պատմել ընկերներին, թե ինչ են կարդում կամ դիտում տվյալ պահին: Եվ վերջապես Paper հավելվածը, որը նախատեսված է հենց նորությունների ընթերցման համար, թողարկվել է մի քանի օր առաջ:

Սակայն շատերը սպասում են, որ սոցցանցում կավելացվի հոդվածների հետագա ընթերցման հնարավորություն, ինչպես օրինակ YouTube-ի Watch Later ֆունկցիան է:

Հնարավոր է նաև, որ ապագայում հնարավոր լինի ոչ միայն հետևել կոնկրետ էջերի, այլ տեսնել այն թեմաներով գրառումներ, որոնք հետաքրքրում են օգտագործողին: Վերլուծաբանները կարծում են, որ սոցցանցը դիտարկում է նաև հեռուստատեսային բովանդակություն մատուցելու հնարավորությունը:

3. Սոցիալական որոնում

Երբ Facebook-ը գործարկեց Graph Search հարթակը, շատերը սկսեցին կարծել, որ այն առաջ կանցնի Google-ից: Սակայն սոցցանցը հստակ ցույց տվեց, որ չի պատրաստվում մրցել Google-ի հետ, այլ միայն առաջարկում է ավելի մանրամասն որոնում սոցցանցի բովանդակության սահմաններում:

Graph Search-ի հնարավորությունները սահմանափակ են. այն որոնում է միայն անգլերեն լեզվով: Հարթակը հեռանկարային է հատկապես, եթե օգտագործվում է ծանոթությունների նպատակով:

4. Վաճառքի խթանիչ

Գովազդը Facebook-ի ամենակարևոր բաղադրիչներից է, որի շնորհիվ ստացվում է սոցցանցի եկամտի 90%-ը: Բջջային գովազդի վերաբերյալ վիճակագրությունը հրապարակելուց հետո սոցցանցի ակցիաների գինը 38-ից բարձրացավ 60-ի:

Facebook-ը վերջերս գնել է Atlas և Onavo ընկերությունները, որոնք զբաղվում են բջջային ծառայությունների վերլուծությամբ: Այնպես որ սպասվում է, որ գովազդային արշավների արդյունքը շուտով հնարավոր կլինի տեսնել իրական ժամանակում:

Հնարավոր է նաև, որ սոցցանցի միջոցով օգտագործողները կարողանան գովազդ տեղադրել գործընկեր կայքերում:

5. Ինովացիա՝ հանրության համար

Բացի կոմերցիոն նպատակներից՝ սոցցանցը չի մոռանում իր սոցիալական առաքելության մասին, իսկ Ցուկերբերգն ակտիվ զբաղվում է բարեգործությամբ:

Internet.org նախագիծը, որը ղեկավարվում է Facebook-ի կողմից, նպատակ ունի հեշտացնել բջջային հավելվածների օգտագործումը և նվազել դրանց էներգաօգտագործումը, ինչպես նաև փոքրացնել փոխանցվող տվյալների ծավալը:

Վերջերս սոցցանցն իր դատա-կենտրոններում սկսեց ինֆորմացիան պահպանել Blu-ray սկավառակների վրա, ինչը թույլ տվեց նվազեցնել ծախսերը 50%, իսկ էներգաօգտագործումը՝ 80%-ով:

Աղբյուրը՝ Digit.ru