Orange-ը խրախուսում է համացանցի ապահով օգտագործումը

orange armeniaԱվելի քան 90 երկրներում այսօր նշվում է ապահով համացանցի օրը: Երրորդ տարին անընդմեջ ապահով համացանցի օրվա առթիվ Orange-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը: Այս տարի ծրագրի առանցքային խնդիրը երեխաների համար ավելի ապահով համացանցի ստեղծումն է:

Փետրվարի 11-ից 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից ապահով կերպով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց ընթացքում  կշոշափվեն համացանցի ապահովության խնդիրները, հնարավոր վտանգները, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ապահով դարձնելու հնարավոր տեխնիկական լուծումների  վերաբերյալ: «Ապահով համացանց» միամսյակի ընթացքում Orange-ի 25 աշխատակիցներ Երևան, Վանաձոր և Իջևան քաղաքներում անձամբ կմասնակցեն ծնողների համար նախատեսված տեղեկացման դասընթացներին:

«Հայկական շարժական ինտերնետի շուկայում առաջատար դիրք ունենալով` մենք պատասխանատվություն ենք ստանձնում ոչ միայն մեր բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու, այլ նաև համացանցի ապահով օգտագործման վերաբերյալ երեխաներին տեղեկացնելու, իսկ իրենց ծնողներին համապատասխան տեխնիկական լուծումներ տրամադրելու առումով: 2012թ-ից ի վեր Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է օգտվել  Kaspersky Internet Security ծրագրից, որն երեխաների համար ապահովում է  պաշտպանություն ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից:  Այս միամսյակի ընթացքում` մինչև մարտի 11-ը, Orange-ը լայնորեն տեղեկացնելու է նշված ծրագրային լուծումների վերաբերյալ, իսկ մարտի 1-ից դրանք ավելի հասանելի կդարձնի իր բաժանորդների համար», նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Իրականացված հետազոտությունների համաձայն` այն անչափահասները, որոնց ընտանիքներում ընդունված չեն համացանցից օգտվելու կանոններ, կրկնակի անգամ

ավելի հակված են մտնելու անպատշաճ բովանդակությամբ կայքեր: Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել  www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ:

«Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը սկսած 2004-ից՝ նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ: