«ԱրմենՏել»–ը և Մայքրոսոֆթը կգործարկեն կրթական անվճար բջջային հավելված

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ հայտարարում են հայալեզու վիդեո դասընթացների պատրաստման, ինչպես նաև բջջային հեռախոսների համար նախատեսված կրթական անվճար հավելվածի ստեղծման մասին։

Բջջային հեռախոսների համար նախատեսված կրթական անվճար հավելվածը, որի միջոցով հնարավոր կլինի դիտել վիդեո դասընթացներ, հասանելի է Windows Phone համակարգով աշխատող հեռախոսների համար։

«ԱրմենՏել» ընկերությունը սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում մեծ նշանակություն է տալիս տեխնոլոգիական առաջընթացին՝ աջակցելով հայալեզու բովանդակության զարգացմանը։ Այս նպատակով մենք համագործակցում ենք տարբեր ընկերությունների և հասարակական կազմակերպությունների հետ, մասնավորապես Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականցրել ենք բազմաթիվ արդյունավետ ծրագրեր՝ նպաստելով երկրի տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտի բարելավմանը։ Հուսով ենք, որ կրթական վիդեո դասընթացներն, ինչպես նաև հետագայում հեռախոսների համար նախատեսված հավելվածի գործարկումը, կխթանի հայալեզու բջջային հավելվածների զարգացումը Հայաստանում և բջջային նոր տեխնոլոգիաների ներդրմանը կրթական ոլորտում՝ դարձնելով ուսումնական գործընթացն ավելի հարմարվետ և հետաքրքիր, իսկ կյանքն ավելի լավ», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մայքրոսոֆթ ընկերությունը, կարևորելով կրթության դերը Հայաստանում, գրասենյակի բացման իսկ օրվանից փորձում է իր ներդրումն ունենալ կրթության զարգացման, կրթական համակարգում տեխնոլոգիաների ներդման, դասապրոցեսում նորագույն մեթոդների կիրառման գործում: Այդ իսկ պատճառով Մայքրոսոֆթն իրականացնում է բազմաթիվ նախագծեր թե´ դպրոցական և թե´ բարձրագույն կրթական համակարգում՝ տրամադրելով կրթության համար նախատեսված գործիքներ, ծրագրային ապահովում, դասընթացներ, մրցույթներ և այլն: «ԱրմենՏել» ընկերության հետ հաջողությամբ իրականացված բազմաթիվ ծրագրերի թվին կարելի է դասել նաև այս հայալեզու բջջային հավելվածի ստեղծումը, որը կարևոր դեր կունենա կրթությունն ամենուր ավելի հասանելի և մատչելի դարձնելու գործում»,- նշեց Հայաստանում Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։

Հայալեզու վիդեո դասընթացները պատրաստվել և ձայնագրվել են տարբեր դասարանների առարկաներով և թեմաներով դպրոցական պաշտոնական ուսումնական պլանի համաձայն։ Դասավանդման նորարար և մատչելի մեթոդների կիրառմամբ դասերը պատրաստվել են Հայաստանի լավագույն ուսուցիչների օգնությամբ՝  հիմնված լրացուցիչ տեղեկատվական նյութերի և Մայքրոսոֆթի կրթական գործիքների վրա։  Վիդեո դասընթացները տեղադրված են www.mlg.am կայքում։

Հասանելիություն www.mlg.am կայքին հնարավոր է թե´ ինտերնետի, թե´ բջջային հեռախոսների միջոցով, որոնց վրա կտեղադրվի համապատասխան հավելվածը։