Telcell-ը միացել է ֆինանսների նախարարության e-payments առցանց վճարումների համակարգին

Telcell_Telcell վճարային համակարգը միացել է ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգին: Այժմ հնարավոր է <<Թել-Սել>> ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին միացած ավելի քան 1200 վճարման կետերից յուրաքանչյուրից վճարել վարչական տուգանքները, հյուպատոսական վճարները, պետական տուրքերը, հարկային պարտավորությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները:

<<2014 թվականի զարգացման մեր ծրագրերում էր  պետական վճարումների, հարկերի, տուգանքների վճարումը մեր ընկերության ինքնասպասարկող տերմինալների միջոցով կազմակերպելու գաղափարը: Քանի որ վճարային տերմինալներից օգտվողները չափազանց պահանջկոտ են ծառայությունների որակի և արագության հանդեպ, ի սկզբանե մեր առջև  դրված խնդիրը դյուրին չէր: Նախ՝ անհրաժեշտ էր մեկտեղել ծառայությունները, երկրորդը՝ ապահովել  վճարումների ակնթարթային գրանցումը: Ծրագրի տեխնիկական գնահատումից հետո պարզ դարձավ, որ  ֆինանսների նախարարության e-payments  համակարգին միանալը խնդրի առավել ժամանակակից և արդյունավետ լուծումն է: Մենք դիմեցինք նախարարություն, որտեղից ստացանք դրական պատասխան, համաձայնագիր կնքեցինք և միացանք պորտալին, ինչի շնորհիվ ծառայությունն այժմ հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում: Առավել քան համոզված եմ, որ հաճախորդները կգնահատեն պետական վճարումները առցանց ռեժիմով կատարելու իրենց ընձեռնված հնարավորությունը>>, – ֆինանսների նախարարության հետ համագործակցության մեկնարկն այսպես մեկնաբանեց <<Թել-Սել>> ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը՝ հավելելով. <<Ըստ էության, պետական վճարումների գործընթացը մենք դարձրել ենք նույնքան դյուրին, որքան բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորումը: Գործողության վերջում վճարողը ստանում է վճարման անդորրագիր. բջջային հեռախոսին ստանում է կարճ հաղորդագրություն գործարքի հատուկ կոդի մասին, որի միջոցով յուրաքանչյուր պահի www.e-payments.am կայքում կարող է ստուգել իր վճարման կարգավիճակը>>:

<<Ֆինանսների նախարարությունը պատրաստակամ է միշտ ձեռք մեկնել և իրագործել մասնավոր հատվածի համագործակցության առաջարկները, հատկապես երբ դրանք ուղղված են  հանրությանը մատուցվող ծառայություններն առավել հարմար և հասանելի դարձնելուն: Այս համատեքստում ողջունում ենք Պետական վճարումների e-payments  համակարգին միանալու Telcell-ի նախաձեռնությունը և կարծում ենք, որ մեր աջակցությունն ու համատեղ ջանքերն օգտակար կլինեն մեր քաղաքացիներին>>,- իր հերթին նշեց ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:

Պետական վճարումների e-payments  առցանց  համակարգը գործում է արդեն երկու տարի՝ հնարավորություն տալով քաղաքացիներին առցանց եղանակով առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու կատարել  անհրաժեշտ վճարումները:  Սկզբնապես այս համակարգի միջոցով  հնարավոր էր վճարել պետական տուրքերը, տեղական տուրքերը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները, ինչպես նաև վարչական տուգանքները: Միևնույն ժամանակ e-payments-ը մշտապես համալրվում է նոր ծառայություններով և գործիքներով: 2013 թվականին հնարավորություն տրվեց անհատ ձեռներեցներին, մանր ու միջին ձեռնարկատերերին այս համակարգով վճարել հարկերը:  Համակարգն ընդունում է նաև համայնքային վճարումներ, օրինակ՝ գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճարներ: Այժմ այս ծառայությունից կարող են օգտվել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների բնակիչները, առաջիկայում նախատեսվում է ներառել նաև մյուս համայնքները: