Truthly.me հայկական ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում

Truthle.me

Ապրիլի 15-16-ը Թբիլիսիում տեղի է ունեցել գործարարների և ներդրողների համար նախատեսված TbilisiFTW միջոցառումը: Միջոցառումը կազմակերպել էին USAID REG Project-ը, գործընկերներն էին՝ Teres Capital, StartupWiseGuys, String Ventures և Netokracija:

Միջոցառման առաջին օրը նախօրոք ընտրված 10 ստարտափները, այդ թվում 3-ը Հայաստանից, հանդես եկան 4-րոպեանոց ելույթներով: Ժյուրիի կողմից ընտրված երեք ստարտափներ դուրս եկան եզրափակիչ: Եզրափակիչփուլում թիմերը հանդես եկան լրացուցիչ 1-րոպեանոց ելույթներով, որից հետո հաղթող ճանաչվեց Truthly.me հայկական ստարտափը:

Հաղթող թիմին հնարավորություն տրվեց անմիջապես անցնել եվրոպական StartupWiseGuys ստարտափ աքսելերատորի 3+1 ամիս տևողությամբ աքսելերացիոն ծրագրի կիսաեզրափակիչ՝ բաց թողնելով նախնական փուլերը:

Truthly.me հայկական ստարտափը գործում է 2013 թ-ի օգոստոսից: Այն հնարավորություն է տալիս մարդկանց անանուն հաղորդագրությունների և հարցումների միջոցով իմանալ, թե ինչ են իրենց մասին իրականում մտածում շրջապատի մարդիկ: Ստարտափն առաջիկայում պատրաստվում է շուկա մտցնել լուծման  B2B տարբերակը, որը հնարավորություն կտա ընկերություններին անանուն հետադարձ կապ ստանալ իրենց աշխատողներից: