Վարչապետն ԻՏՁՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՏՏ ոլորտի խնդիրները

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության վարչության անդամները հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

unnamedՀանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվեցին միության գործունեությունը, ՏՀՏ ոլորտի հիմնախնդիրներն ու հեռանկարային ծրագրերը: Երկուստեք կարևորվեց կրթության և աշխատուժի զարգացման ոլորտում պետություն-մասնավոր հատվածի համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնց թվում շեշտադրվեց «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» կրթական ծրագրի լայնածավալ իրականացումը:

Թե′ վարչապետի և թե′ նախարարի կողմից կարևորվեց ՏՀՏ լուծումների կիրառումը բիզնեսի այլ ոլորտներում, ինչպես նաև դրա հետևանքով տնտեսությունում արտադրողականության բարձրացումը: Հատկապես շեշտադրվեց հունիսի 20-21-ը կայանալիք 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և նվիրված է նոր տեխնոլոգիաների կիրառմանը բիզնեսի տարբեր ոլորտներում: ԻՏՁՄ կողմից առաջարկվեց ֆորումի ոլորտային քննարկումներին ապահովել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությունը: Ֆորումի քննարկումները նվիրված կլինեն գյուղատնտեսության, շինարարության, հանքարդյունաբերության, առողջապահության, կրթության, էլեկտրոնային առևտուրի  և տրանսպորտի,   ֆինանսաբանկային ոլորտներում նորարարությունների կիրառմանը:

Հանդիման ընթացքում Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ:

Հանդիպման ժամանակ կարևորվեց նաև ՏՀՏ ոլորտի կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը միջազգային կարևորագույն տեխնոլոգիական միջոցառումներին և Հայաստանի պատշաճ ներկայացումն այնտեղ:

Կողմերը պայմանավորվեցին, որ առաջիկայում միությունը կառավարությանը կներկայացնի բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով: