Մեկնարկում է ԴիջիՔամփ 2014 ձեռներեցության ամառային 2-րդ ճամբարը

defaultԴիջիՔամփ  2014 ձեռներեցության  ամառային  2-րդ  ճամբարն այս տարի կկայանա օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք հյուրատանը։ Միջոցառումը, որի գլխավոր գործընկերն է Beeline-ը, նպատակ ունի համախմբել նորարարություններով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը:

ԴիջիՔամփի ընթացքում  մասնակիցները  հնարավորություն կունենան ծանոթանալ բիզնես ոլորտի առաջնորդների հետ, բացահայտել առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները և մասնակցել ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին: Ճամբարի մասնակիցները կստանան տեսական և կիրառական գիտելիքներ հարկային օրենսդրության, բիզնես մոդելավորման, շուկայագիտության, ֆինանսների ներգրավման, նոր ընկերությունների գրանցման, նորաստեղծ կազմակերպությունների առաջխաղացման, ինչպես նաև թիմային աշխատանքի կազմակերպման վերաբերյալ:

«Ճամբարի նպատակն իրենց բիզնես գաղափարներով առանձնացող և այդ գաղափարներն իրագործելու խիզախություն ունեցող երիտասարդների համախմբումն է: Այստեղ ստեղծված միջավայրը ոչ միայն նպաստում է մասնակիցների հավատի ամրապնդմանն այդ գաղափարների իրագործման նկատմամբ, այլև փոխադարձ շփումների արդյունքում նրանք հնարավորություն են ստանում գործընկեր դառնալ նման մտածողության տեր այլ երիտասարդների հետ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ճամբարում հաղթող թիմերը կարժանանան դրամական պարգևների, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցել հոկտեմբերի 3-5-ը կայանալիք ԴիջիԹեք Էքսպո 2014 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:

Ճամբարի մասնակիցները նաև կայցելեն «ԱրմենՏել»՝ ծանոթանալու ընկերության աշխատանքներին և լսելու Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի դասախոսությունը:

Նշենք, որ ճամբարին մասնակցում են նաև ԻՏՁՄ «ԱրմՌոբոտիկս»  և «Բաց Խաղ» նախագծերի լավագույն մասնակիցները։

 ԴիջիՔամփ ձեռներեցության  ամառային  ճամբարի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևելով այս հղմանը ՝ digicamp.digitec.am :