«Բաց խաղ» առաջնության լավագույն խաղը կներկայացվի Սերբիայում անցկացվող Indieprize միջազգային մրցույթին

«Բաց խաղ» առաջնության լավագույն խաղը կներկայացվի Սերբիայում անցկացվող Indieprize միջազգային մրցույթին

_F8W5408Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիա» ընկերությունը համակարգչային խաղեր հայ նախագծողների համար հնարավորություն են ստեղծում մասնակցելու նոյեմբերի 10-12 Բելգրադում կայանալիք հեղինակավոր Casual Connect համաժողովին՝ միաժամանակ իրենց նախագծած խաղերը ներկայացնելով համաժողովին կից անցկացվող IndiePrize ցուցադրություն–մրցույթին:

Այս բացառիկ հնարավորությունից օգտվելու համար ցանկացողները մինչև հոկտեմբերի 8-ը պետք է գրանցվեն «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի Հայաստանի բաց առաջնությանը որպես մասնակից: Բելգրադ մեկնող խաղը կնտրվի «Բաց Խաղ» առաջնության ժյուրիի կողմից:

Հավակնորդները մրցույթին պետք է ներկայացնեն ավարտուն խաղ: Մասնակցության պայմաններն ավելի մանրամասն հասանելի են www.opengame.am կայքում:

Casual Connect համաժողովը ներառում է խաղերի ցուցահանդես, դասընթացներ, թեմատիկ ներկայացումներ և այլն: IndiePrize մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ցուցադրել իրենց խաղերը, այլև շփվել indie* ծրագրավորողների հետ, փոխանակվել փորձով, ձեռք բերել նոր գործընկերներ և հմտություններ:

CasualConnect2 CasualConnect _F8W5422

«Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունը կազմակերպվում է 2011թ.-ից սկսած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից: Այս տարի առաջնության գլխավոր հովանավորն է «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը:

* Indie խաղերը նախագծվում են փոքր, անկախ թիմերի կողմից՝ սովորաբար առանց խաղային ոլորտի հրատարակիչների և այլ արտաքին աղբյուրների էական ֆինանսական աջակցության: