Օնլայն արշավ`«Ուղարկիր սելֆի և օգնիր մեկ երեխայի պայքարել կուրության դեմ»

?????Մեկնարկել է Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) նոր համատեղ ծրագիրը՝ «Ուղարկիր սելֆի և օգնիր մեկ երեխայի պայքարել կուրության դեմ» առցանց արշավը: Արշավն իրականացվում է Տեսողության համաշխարհային օրվա շրջանակներում և նպատակ ունի հայտնաբերել երեխաների տեսողության խնդիրներն ու կանխարգելել կուրությունը՝ աչքի հետազոտությունների իրականացման և ակնոցների տրամադրման միջոցով: Սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 9-ը Orange-ի ֆեյսբուքյան էջին ուղարկված և այնտեղ հրապարակված յուրաքանչյուր ինքնանկարի դիմաց անվճար մեկ ակնոց կտրամադրվի Արմավիրի մարզի՝ տեսողության խնդիրներ ունեցող մեկ երեխայի: ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կիրականացնեն աչքի հետազոտություններ, որից հետո կայքում տեղադրված սելֆիների հաշվով կպատրաստվեն ակնոցներ:

«Տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին և, ընդհանրապես, նման խնդիրներ ունեցող մարդկանց օգնելն Orange Հիմնադրամի գործունեության կարևոր ուղղություններից է: Մեր գործընկեր Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ մեկնարկած այս առցանց արշավը յուրաքանչյուրին ընձեռում է տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու հնարավորություն՝ պարզապես բարի կամք դրսևորելով: Աշխարհում կուրության 80%-ը կարելի է կանխարգելել կամ բուժել՝ տեսողական խնդիրները վաղ շրջանում հայտնաբերելու միջոցով: Selfie նկարելը հեշտ է, արագ և անվճար, այնպես որ, բոլորին խրախուսում եմ մասնակցել այս արշավին և իրենց ներդրումն ունենալ կուրության կանխարգելմանն ուղղված շատ կարևոր այս նպատակի իրականացման գործում», – ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Հայկական ակնաբուժության նախագիծը առանձնակի կարևորում է Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում նշելը: Ուրախ ենք փաստել, որ մեր գործընկերների հետ միասին հաջողությամբ կարողացել ենք հասարակության ուշադրությունը հրավիրել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց վրա: Տեսողության համաշխարհային օրը հիանալի առիթ է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ կուրության կանխարգելման կարևորությունը շեշտադրելու համար: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը» կոչ է անում բոլոր կազմակերպություններին միանալ մինչև 2019թ.-ը կանխարգելվող կուրության դեպքերը 25%-ով նվազեցնելու միասնական նպատակին: Այսպիսով, կոչ ենք անում բոլորին միավորվել այս համաշխարհային նախաձեռնության շուրջ՝ նկարելով ինքնանկար, մի գործողություն, որ շատերն ամեն օր անում են պարզապես հաճույքի համար», – նշեց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության» վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհում 285 միլիոն մարդ ունի տարբեր աստիճանի տեսողական խնդիրներ: Այսպիսի դեպքերի 5-ից 4-ը հնարավոր է կանխել: Կուրության և տեսողական խնդիրների դեպքերն ավելի հաճախ հանդիպում են սոցիալապես անապահով խավերի մոտ. թույլ տեսողություն ունեցող մարդկանց 90% – ը զարգացող երկրների բնակիչներ են: Տեսողական խնդիրների 42%-ը հիմնականում առաջանում են լուսաբեկման խանգարումների կամ ակնոց չկրելու հետևանքով, 33%-ի պատճատը կատարակտն է, 25%-ը պայմանավորված են այլ պատճառներով:

«Ուղարկիր սելֆի և օգնիր մեկ երեխայի պայքարել կուրության դեմ» առցանց արշավի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով http://orangearmenia.am/about-orange-armenia/events/one-selfie-one-pair-of-glasses/ կայք:

ՀԱՆ-ը «Տեսողության համաշխարհային օրվա» կապակցությամբ նախաձեռնում է մի շարք միջոցառումներ: Այս տարվա կարգախոսին համահունչ, որի գաղափարն է խուսափել կուրության այն դեպքերից որոնք կարելի է կանխել, հոկտեմբերի 9-ին Արմավիրի մարզում կմեկնարկի Աչքի շարժական հիվանդանոցի գործունեությունը, ամսվա ընթացքում դպրոցներում կանցկացվեն աչքի խնամքի հատուկ դասընթացներ: USAID կազմակերպության հետ համատեղ կիրականացվեն նաև նորածին մանուկների աչքի զննումներ:

Հիշեցնենք, որ Orange Հիմնադրամի և ՀԱՆ-ի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2011թ.-ին՝ «Լույս հայի աչքերին» նախագծի շրջանակներում, որի նպատակն է որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել հայկական մարզերի բնակիչներին: Նախագծի շրջանակներում արդեն ավելի քան 66 000 հոգի (մոտ 54 000 մեծահասակներ և 12 000 երեխաներ) անցել են ակնային զննումներ, 8 487 բնակիչներ անցել են կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 5 044 վիրահատություն և լազերային բուժում, դուրս է գրվել 23 631 ակնոց: