Դիջիթեք Էքսպո 2014. տոմսերի տեսազննման համակարգ (վիդեո)

anelԴիջիթեք Էքսպո 2014 տեխնոլոգիական ցուցահանդեսին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների` ANEL-ի (Armenian National Engineering Laboratories) տաղավարում ներկայացվում էին մի շարք նորույթներ, որոնցից մեկը տոմսերի տեսազննման համակարգն է` նախատեսված է տոմսերի արտադրության ժամանակ որակի վերջնական վերահսկումն ապահովելու համար:

«Համակարգը կարող է անմիջապես հոսքագծի վրա մեծ արագությամբ կարդալ ու ստուգել հաջորդական կոդերն ու շտրիխ-կոդերը և պարզել` այդոք կան բացթողումներ կամ սխալներ»,- համակարգն itTREND-ին ներկայացրեց Ինֆորմատիկայի քոլեջի ուսանող Անդրանիկ Մելիքսեթյանը:

Նշենք, որ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծման նպատակն է անդրադառնալ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում ուսուցում անցած որակյալ մասնագետների պակասին և պահանջարկին: Լաբորատորիան գործում է ի Պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում և ընդգրկում է ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ համալսարանի 6 հիմնական բաժինների 30 մասնագիտացումներով, այդ թվում` կիբերնետիկա, ռադիոճարտարագիտություն և հեռահաղորդակցության համակարգեր, էներգետիկա, էլեկտրաճարտարագիտություն, մեխանիկա ու մեքենաշինություն և տրանսպորտ:

ANEL-ը ուսանողներին տրամադրում է տեխնիկական ուսուցում և հետազոտական հնարավորություններ, ներառյալ բարձրորակ դասախոսական կազմ և ժամանակակից ուսումնական ծրագրեր` նրանց ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու համար: Ռեսուրսները հասանելի են բոլոր հետաքրքրված կողմերի համար, ինչպիսիք են գիտահետազոտական ինստիտուտները, այլ համալսարաններն ու մասնավոր հատվածը: