Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ը կանցկացվի նոյեմբերի 8-9-ը

1347270511-625Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնը՝  Մայքրոսոֆթ ընկերության, Հայաստանում ԱՄՆ զարգացման գործակալության հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթի մեկնարկի մասին: Միջոցառումը տեղի կունենա Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում նոյեմբերի 8-9-ը:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Հեքըթոն[ՅԱՆ]-ի  նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն, որտեղ  թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը): Այս անգամ մրցույթը Երևանից տեղափոխվել է Գյումրի և  նպատակ ունի  խրախուսել Գյումրի քաղաքի, ինչպես նաև այլ քաղաքների ու մարզերի ակտիվ երիտասարդներին և ծրագրավորողներին մասնակցել մրցույթին և կյանքի կոչել իրենց գաղափարները:

Եթե Դուք կարող եք խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեք նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով Դուք կարող եք ոչ միայն կյանքի կոչել Ձեր գաղափարը, ստեղծել հավելված, որը վաղը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձության ենթարկել  խնդիր լուծելու Ձեր կարողությունները, փորձել իրագործել անհնարին թվացող գաղափարները, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և  ներդրումների լայն հնարավորություն և, իհարկե,  անմոռանալի ժամանակ անցկացնել:

Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ը անցկացվում է Innoweekend տարածաշրջանային ծավալուն միջոցառման շրջանակում և  հնարավորություն է տալու թիմերին ծանոթանալ տարածաշրջանում գործող այլ թիմերի հետ և ցանկության դեպքում մասնակցել նաև զուգահեռ ընթացող սեմինարներին, ներկայացումներին և այլն: Innoweekend  միջոցառման մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և միջոցառումներին գրանցվելու համար կարող եք այցելել www.innoweekend.am կայք:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է  2014 թ.-ի հոկտեմբերի 25-ը: