Առաջին մանրամասները Toshiba Portege Z20 ձևափոխվող ուլտրաբուքի մասին (նկարներ)

Toshiba ընկերությունը ներկայացրել է Portege Z20 հիբրիդային ուլտրաբուքը՝ անջատվող ստեղնաշարային բլոկով։

Նորույթն ունի միայն պասիվ հովացմամբ Intel Broadwell (Core M) պրոցեսոր, իսկ օպերատիվ և SSD հիշողությունները կազմում են համապատասխանաբար 8 և 256 Գբ։ Նախորդ մոդելի համեմատությամբ էկրանի անկյունագիծը մեծացել է և այժմ կազմում է 12,5 դյույմ։ IPS տեխնոլոգիայով էկրանի կետայնությունը բավական բարձր է՝ 1920 х 1080։

Toshiba-Port-g-Z20-Tablet-Laptop-Goes-Official-with-12-5-Inch-Screen-Intel-Core-M-in-Tow-464590-2

Պլանշետն առանձին կշռում է 800 գ, նրա հաստությունը չի անցնում 8,8 մմ-ից, իսկ ստեղնաշարային բլոկի հետ միասին համակարգչի զանգվածը 1,59 կգ է, ինչը պայմանավորված է հավելյալ մարտկոցով, որն ապահովում է համակարգչի ավտոնոմ աշխատանքն ավելի քան 16 ժամ շարունակ:

Ստեղնաշարն անջրանցիկ է, ունի լուսավորություն և Accupoint ղեկավարման համակարգ, որը լրացնում է թաչփադին։ Առկա են VGA, HDMI, Gigabit Ethernet, micro USB պորտերը, microSD քարտ-ընթերցիչ և երկու USB 3.0 պորտ, կա նաև ներկառուցված 3G և 4G բջջային ինտերնետի մոդեմ ավելացնելու հնարավորություն։

Toshiba Portege Z20-ը հիբրիդային համակարգիչ է՝ նախատեսված պրոֆեսիոնալների համար, իսկ նրա վաճառքում հայտնվելը նախանշվում է 2015 թվականի առաջին քառորդին։

Աղբյուրը՝ Softpedia