Հայաստանն առաջին անգամ մասնակցում է unBound Digital 2014 միջազգային տեխնոլոգիական համաժողովին

unbound 2014Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Լոնդոնում ընթանում է unBound Digital 2014 միջազգային համաժողովը, որին առաջին անգամ մասնակցում են հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերությունները՝ հանդես գալով երկիրը ներկայացնող ընդհանուր տաղավարով: Մասնակիցների թվում են Wicastr, SoloLearn, AVT Mobile, Instigate, Agnian, menu.am, Lionsharp, Twenty Something London, News Deeply, Gitoon կազմակերպությունները:

Հայկական սկսնակ կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը համակարգում և կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Գրանատուս Վենչուրս ընկերության հետ համատեղ՝ նպատակ ունենալով աջակցել սկսնակ ընկերություններին, հնարավորություն ընձեռել ներկայանալ միջազգային ասպարեզում, ձեռք բերել նոր գործընկերներ ու ներդրողներ, զարգացնել իրենց նախագծերը:

Տեղեկացնենք, որ unBound Digital միջոցառումը համախմբում է թվային աշխարհի առաջնորդներին և սկսնակներին: Այս տարի այն միավորում է 800 ձեռներեցների, ներդրողների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների և սկսնակ կազմակերպությունների: unBound Digital 2014-ն ունի պատվիրակություններ Չեխիայից, Լիտվայից, Էստոնիայից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից, Հայաստանից և Սինգապուրից: