Իջևանում բացվել է ՏՏ նոր ընկերություն

ijevanԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամ «Ինստիգեյթ» ընկերության ջանքերով 2014թ.  դեկտեմբերին Իջևան քաղաքում հիմնադրվել է «Վեկտր» ՓԲԸ-ն՝ հիմնադիր և տնօրեն Արեգ Պետրոսյանի ղեկավարությամբ:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ սա վերջին տարիների դրական  տենդենց է. ներկայումս  տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ են գործում արդեն մի շարք քաղաքներում. Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Իջևանում և Ստեփանակերտում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Ինստիգեյթ» ընկերության նպատակները համընկնում են՝ ընդգրկելով երիտասարդությանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

«Վեկտր» ընկերությունը «Ինստիգեյթ» ընկերության նոր ռազմավարության արդյունքն է, այն է՝ աջակցել ՀՀ շրջաններում ՏՏ անկախ ընկերությունների ստեղծմանը՝ իրականացնելով մասնագիտական նախնական վերապատրաստման դասընթացներ, օգնել ընկերության ստեղծմանը և գործընթացների ձևավորմանը՝ առանց Ինստիգեյթ խմբի հետ հետագա իրավական փոխկապակցվածության։ «Վեկտր»-ն ունի չորս ծրագրավորողներից բաղկացած թիմ, կատարում է համացանցային եւ դյուրակիր համակարգիչների համար ծրագրերի նախագծման, իրականացման եւ ստուգման աշխատանքներ: Արդեն հաջողությամբ իրականացվել է երեք նախագիծ, ինչպես նաև անց է կացվում հերթական դասընթացը թիմը ընդլանելու նպատակով։