CeBIT 2015-ին Հայաստանը կներկայանա մեկ միասնական տաղավարով

CeBIT Logo 2000px PNGՄարտի 16-20 Գերմանիայի Հաննովեր քաղաքում տեղի կունենա ՏՏ ոլորտի միջազգային ամենախոշոր CeBIT 2015 ցուցահանդեսը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավարությամբ և Նիդեռլանդների ԱԳՆ Զարգացող Երկրներից Ներմուծման Խթանման Կենտրոնի (CBI) աջակցությամբ Հայաստանն այս տարի ցուցահանդեսում կներկայացվի միասնական մեկ տաղավարով: Հայաստանը կներկայացնեն Volo, Altacode, E-Works, IU Networks , Technology and Science Dynamics, Web, Locator, Instigate և VTG Software ընկերությունները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշում է. «Մենք ավանդաբար մասնակցում ենք Եվրոպայի այս խոշորագույն ցուցահանդեսին, սակայն այս տարին առանձնահատուկ է: Մենք մասնակցում ենք առանձնացված հայկական տաղավարով՝ Surprising Engineering և Why Armenia խորագրի ներքո»:

Նշենք, որ CeBIT ցուցահանդեսում ներկայացվում են թվային տեխնոլոգիաների ոլորտի վերջին լուծումները ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների և միջազգային ընկերությունների կողմից: Ցուցահանդեսը միջազգային արդյունավետ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնելու, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու համար: Ցուցահանդեսին մասնակցում են գրեթե 4000 ընկերություն 70 երկրներից և ավելի քան 300 000 այցելու աշխարհի շուրջ 110 երկրներից: