Այսօր կստորագրվի 2019թ. Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացման համաձայնագիրը

wcit-12-slide2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում անցկացնելու վերաբերյալ
այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի կունենա 2019թ. Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանի ներկայությամբ: Համաձայնագիրը կստորագրվի Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի միջև:

Հիշեցնենք, որ դեռևս 2014թ. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հայտ էր ներկայացվել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies- WCIT) անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու մասին որոշումն ընդունվեց 2014թ. սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի /WITSA/ տնօրենների խորհրդի նիստում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են ՏՏ ոլորտի 2-3 հազար լիդերներ շուրջ 100 երկրներից։

WCIT-ը անցկացվում է 1978թ. սկսած՝ երկու տարին մեկ անգամ: Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2000թ. մինչ օրս WCIT-ն անցկացվել է Թայվանում, Ավստրալիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Մալայզիայում, Նիդերլանդներում, Կանադայում և Մեքսիկայում: