Վեդիի ռոբոտաշինության խմբակը պատրաստելու է հայ զինվորներին օգնական ռոբոտ (ֆոտոշարք)

vedi erexeq2014 թվականի 10-րդ հոբելյանական Դիջիթեք ցուցահանդեսի բացումը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կատարեց Վեդի քաղաքի դպրոցականների նախագծած «Ժոժո» ռոբոտը, որը կտրեց ժապավենն ու ազդարարեց միջոցառման մեկնարկը: Մի քանի ամիս անց նույն ռոբոտը Երկիր Մեդիա հեռուստաընկերության ամանորյա միջոցառմանը կախեց տոնածառի խաղալիքները։ ittrend.am-ը որոշեց այցելել Վեդի՝ ծանոթանալու արդեն «աստղ» դարձած «Ժոժո» ռոբոտը ստեղծող թիմին, տեղում պարզելու՝ ինչ հաջողություններ ունեն դպրոցականները և ինչ պլաններ ունեն ապագայի հետ կապված։

Վեդու ռոբոտաշինության խմբակը ղեկավարում է Օրբել Խաչատրյանը, ով պարապմունքեր է անցկացնում շաբաթական մի քանի անգամ, երբեմն նույնիսկ աշակերտներն են «ստիպում» ավելի հաճախ հանդիպել՝ չհամբերելով ավարտին հասցնել կիսատ թողած աշխատանքը։ Չնայած հեռավորությանը՝ խմբակ այցելում են նույնիսկ Արարատ քաղաքից։ Ներկա պահին խմբակը բաղկացած է 12 հոգուց։

«Ժոժո»-ն ստեղծման շատ հետաքրքիր պատմություն ունի․ այն պատրաստվել է Դիջիթեք ցուցահանդեսին ընդառաջ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում՝ գիշեր-ցերեկ աշխատելու արդյունքում։ Ռոբոտը կարողանում է տեղաշարժվել, իրեր բռնել ու տեղափոխել, ձեռքով «բարևել», իսկ տեսախցիկից ստացված պատկերների միջոցով կարողանում է վերլուծել տվյալները և այլն։ Այժմ աշակերտներն աշխատում են ռոբոտը կատարելագործելու ուղղությամբ։

Խմբավար Օրբել Խաչատրյանը մեզ հետ զրույցում մի փոքր բացեց նաև փակագծերը խմբակի հաջորդ աշխատանքի վերաբերյալ․ Վեդու թիմը պատրաստվում է ստեղծել մի այնպիսի ռոբոտ, որը կարող է օգտագործվել ՀՀ Զինված ուժերում՝ օգնելով հայ զինվորներին։ Այլ մանրամասներ, ցավոք, չենք կարող հաղորդել, քանի որ աշակերտները խոստացան, որ կներկայացնեն ռոբոտն այն վերջնական տեսքի բերելուց հետո։

Խմբակի անդամ Էրիկ Պետրոսյանի խոսքով՝ շատ լավ կլինի, որ դպրոցում ռոբոտաշինության դասաժամ ավելացվի, ինչն աշակերտներին թույլ կտա խորությամբ ուսումնասիրել առարկան։ Բացի այդ՝ խմբակն ունի անհրաժեշտ գործիքների ու սարքավորումների մշտական խնդիր, որի պակասն աշխատում են իրենց միջոցներով լրացնել խմբավարն ու աշակերտները։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ԱրմՌոբոտիքսի համակարգող Շուշան Գրիգորյանը նշեց, որ այժմ Հայաստանում գործում է ռոբոտաշինության 50-60 խմբակ, նախատեսվում է ընթացիկ տարվա ընթացքում ավելացնել խմբակների թիվը ևս 200-ով։ Այդ նպատակով անցկացվելու են խմբավարների վերապատրաստումներ, որոնց ընթացքում նրանք ուսումնասիրելու են մի քանի ծրագրեր, այդ թվում՝ Scratch-ը, որը երեխաների համար նախատեսված միջավայր է, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մշակած ծրագրերը, LabView-ն և այլն։ Խմբավարները, Շ․Գրիգորյանի խոսքով, հիմնականում դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչներն են։ Ռոբոտաշինության դասերն անցկացվում են շաբաթական մի քանի անգամ։

«Հատկապես գյուղերում ռոբոտաշինության խմբակները մեծ ազդեցություն ունեն աշակերտների մտածելակերպի, աշխարհայացքի ձևավորման վրա․ նրանցից շատերը, ծանոթանալով այս ոլորտին ու բացահայտելով իրենց կարողությունները, կյանքի նոր նպատակներ են դնում իրենց առջև՝ մեկընդմիշտ փոխելով իրենց ուղին»,-ասաց Շ․ Գրիգորյանը։