Ապրիլի 24-ին ընդառաջ անցկացվել է մեդիա և տեղեկատվական անվտանգության ֆորում

Ծաղկաձորում ապրիլի 10-11-ը տեղի ունեցավ Մեդիա և տեղեկատվական անվտանգության ֆորում: Ֆորումը կազմակերպել էր «Յուքոմ» ընկերությունը «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակներում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:

Միջոցառմանը մասնակցում էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղեկատվական և կիբեր անվտանգության ոլորտի մասնագետներ, բլոգերներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության փորձագետներ: Ֆոռումի ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համացանացում տարրական անվտանգության կանոններին՝ սկսած սոցկայքերում տարօրինակ և վիրուսային հղումներին սեղմելուց, մինչև անհայտ և կասկածելի կայքերում գրանցվելը, կամ նույնիսկ տարբեր կայքեր գրանցվելիս նույն գաղտնաբառ օգտագործելը:

«Յուքոմ» ընկերության տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրին համացանցային անվտանգության էթիկայի կանոնները՝ մասնավորապես բոլոր այն գործողությունները, որոնք մարդիկ հաճախ առանց գիտակցելու կատարում են համացանցում՝ հետագայում վնասելով իրենց կամ նույնիսկ իրենց ընկերներին: «Յուքոմ» ընկերության ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը խոսեց ՏՏ ոլորտի զարգացման և վտանգների մասին:  ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանը տեղեկություններ ներկայացրեց կիբեռհանցագործությունների վերաբերյալ:  Շատ կարևոր և հետաքրքիր ելույթներով հանդես եկան նաև ՊՆ գնդապետ Արամ Գևորգյանը, ՊՆ գնդապետ Արմեն Ղալեչյանը:

Մեդիա և տեղեկատվական անվտանգության ֆորումն անցկացվում է «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակներում (www.recognize1915.am): Նախագծի հիմնական նպատակն է աշխարհին տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին: Նախագիծը մեկնարկել է 2014թ. ապրիլին` Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի նախօրեին: Նախագծի շրջանակներում ստեղծվել է հանրային իրազեկման գործիք, որով յուրաքանչյուր մարդ, էլեկտրոնային փոստի հատուկ ստորագրություն տեղադրելով, էլեկտրոնային նամակագրության միջոցով իր գործընկերներին կամ ընկերներին ևս մեկ անգամ կարող է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև տալ հնարավորություն յուրաքանչյուրին կիսվել այս ինֆորմացիայով բոլորի հետ: Նախագծի պաշտոնական www.recognize1915.am կայքում տեղադրված է ամբողջական ինֆորմացիա, թե ինչպես միանալ նախագծին, ինչպես նաև տրված են հիմնական տեղեկատվական բազաները, որտեղից կարելի է հավաստի տվյալներ ստանալ Ցեղասպանության մասին: