Գյումրիում բացվել է «Դ-Լինկ» ընկերության հետազոտական կենտրոն

Մայիսի 25-ին Գյումրիում տեղի ունեցավ ցանցային և հաղորդակցության սարքավորումներ նախագծող ու արտադրող «Դ-Լինկ» թայվանական ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը տեղակայված է Հ․Հակոբյան 39 հասցեում` Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ:

«Դ-Լինկ»-ի երկարաժամկետ զարգացման ծրագիրն է՝ Հայաստանը վերածել ռեգիոնալ հետազոտական կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների՝ ծրագրային լուծումների և նոր մշակումների ուղղվածությամբ: Բացի այդ ընկերությունը մտադիր է տարեկան առնվազն 50 բարձրակարգ մասնագետներ պատրաստել Գյումրիում՝ ինչպես Դ-Լինկի, այնպես էլ ընդհանուր ՏՏ ոլորտի կարիքների բավարարման համար:

«Ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը հիմնադրվել է 2007թ։ Դ-Լինկ ընկերության ղեկավարությունը 2011թ․,հիմնվելով ներկայացուցչության հաջողությունների և Հայաստանում ՏՏ ոլորտի տպավորիչ զարգացումների վրա, որոշում է կայացրել Հայաստանում՝ Երևանում և Գյումրիում հետազոտական կենտրոնների հիմնադրման վերաբերյալ և սկսվել են մասնագետների պատրաստման աշխատանքները։ 2014թ. օգոստոսից իր դռներն է բացել ընկերության երևանյան նորակառույց գրասենյակը, իսկ այժմ՝  Գյումրիինը»,- նշեց «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը։

Այսօր «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատատեղերի ընդհանուր քանակը 22 է (13-ը Երևանում և 9-ը Գյումրիում), որոնց հիմնական գործունեությունը «Դ-Լինկ» սարքավորումների համար ծրագրային լուծումների և փաթեթների մշակումն ու նոր ծրագրային լուծումների հետազոտությունն է՝ սարքերի արդյունավետության բարձրացման համար: Մինչև 2015թ. վերջ նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35-ի (20-ը Երևանում և 15-ը Գյումրիում)։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ունենալ մինչև 50 աշխատատեղ 1,5 տարվա ընթացքում և մինչև 70 աշխատատեղ մինչև 2017 թվ վերջ։

«Դ-Լինկ»-ի Գյումրու թիմը մինչև հիմնական շինության պատրաստ լինելը՝ 2014թ. հունվարից իր գործունեությունն է ծավալել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, որտեղ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ իրականացվում են հատուկ դասընթացներ՝ «Դ-Լինկ»-ի Գյումրու հետազոտական կենտրոնը մասնագիտական կադրերով համալրելու նպատակով:

«Դ-Լինկ» ընկերության Գյումրու հետազոտական կենտրոնի նորակառույց շենքի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Ֆան Դուգլաս Հսիաոն, «Դ-Լինկ» ընկերության փոխնախագահներ՝ Տաո Թոմաս Հուանգը, Չիհ-Չանգ Ալեքս Չիանգը և Տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Լիպինգը։

«Դ-Լինկ» ընկերության մասին

«Դ-Լինկ» ընկերությունը հիմնադրվել է 1986 թ. Թայվանի Շինչու տեխնոպարկում: Ընկերության ավելի քան 90 տարածաշրջանային գրասենյակներն իրականացնում են սարքավորումների վաճառք և սպասարկում աշխարհի ավելի քան 110 երկրներում: «Դ-Լինկ» ընկերությունում աշխատում է ավելի քան 2000 աշխատակից, մասնաճյուղերի հետ միասին՝ 4000: «Դ-Լինկ»-ին են պատկանում մի շարք յուրահատուկ հայտնագործությունների և տեխնիկական լուծումների հեղինակային իրավունքները: Արտադրության և վաճառքի կառավարումն արժանացել են Որակի կառավարման  ISO 9001, ISO 9002, ինչես նաև Բնապահպանական կառավարման ISO 14001 համակարգերի հավաստագրերի: