Apple-ը ներկայացրել է iOS 9 օպերացիոն համակարգը

WWDC 2015 համաժողովի ընթացքում Apple ընկերությունը ներկայացրել է իր օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որը համալրվել է մի շարք նոր հնարավորություններով։

iOS 9-ի ամենամեծ նորությունը թարմացված Siri ձայնային օգնականն է, որը փոխվել է ոչ միայն արտաքնապես, այլև ֆունկցիոնալ առումով։ Օգնականը կարողանում է արդեն հասկանալ այնպիսի հարցումներ, ինչպիսին է «Հիշեցրու ինձ վերցնել սրճի բաժակը, երբ ավտոմեքենա նստեմ»: iOS 9-ը հետազոտում է օգտագործողի սովորույթները՝ հեշտացնելով սմարթֆոնի օգտագործումը։ Օրինակ, եթե օգտագործողը սիրում է նախաճաշի ընթացքում երաժշտություն միացնել, առավոտյան ժամերին unlock-էկրանին կհայտնվի համապատասխան հավելվածի կոճակը։ Սա տեղի կունենա նաև այն ժամանակ, երբ օգտագործողը սմարթֆոնին միացնի ականջակալը։

iOS 9-ի օրացույցն այսուհետ կունենա գեոլոկացիոն հիշեցումների հնարավորություն, իսկ էլ․փոստի հավելվածը կկարողանա նամակի մեջ առկա հեռախոսահամարներն ինքնուրույն գրանցել հեռախոսագրքում։ Բացի այդ՝ եթե օգտագործողը էլ-փոստով հրավեր ստանա, համակարգը կարող է ավտոմատ կերպով հիշեցում ստեղծել օրացույցում։

iOS 9-ը համալրվել է ընդլայնված որոնումով․ օգտագործողը կարող է որոնել ոչ միայն հավելվածներն, այլև նրանցում առկա բովանդակությունը։

Մեկ այլ նորամուծություններից է այն, որ Apple-ի քարտեզները սովորել են ցուցադրել երկաթգծերն ու մետրոյի ճանապարհները, ինչպես նաև օգտագործողին օգնել կազմել երթուղին վերոնշյալ տրանսպորտների միջոցով։

iOS 9-ում ավելացվել է նաև էներգիայի տնտեսման ռեժիմ, որն օգնում է ավտոնոմ աշխատանքի ժամանակը երկարացնել մի քանի ժամով։ Apple-ը կարողացել է կրճատել թարմացման ծավալը 4,6 ԳԲ-ից մինչև 1,8 ԳԲ։ Նշենք, որ iOS 9-ը կթողարկվի 2015-ի աշնանը։