Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը դարձել է աշակերտների սիրելի վայրը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) 7-րդ դասարանցիների համար կազմակերպել է Kodu ծրագրավորման դասընթացներ, որին մասնակցել է 4 դպրոց՝ ընդհանուր քանակով 141 աշակերտ։ Դասընթացները տևել են շուրջ 1 ամիս, որի ընթացքում աշակերտները սովորել են ծարագրավորման հիմունքներ, խաղերի և անիմացիաների պատրաստում, ալգորիթմական մտածելակերպ և ձեռք են բերել թիմում աշխատելու ունակություն։

Դասընթացի ընթացքում աշակերտները բաժանվել են թիմերի և ստեղծել են իրենց նախընտրած թեմայով խաղեր։ Որպես արդյունք հունիսի 18-ին` ժամը 13։00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա աշակերտների կողմից պատրաստված լավագույն խաղերի ցուցադրությունը:

Նախատեսվում է, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ և արդյունքում վերապատրաստված ուսուցիչները դասընթացները կշարունակեն դպրոցներում՝ Kodu վիզուալ ծրագրավորման գործիքը սովորեցնելով նաև այլ աշակերտների։ Ելնելով ծրագրի շարունակականությունն ապահովելու և նոր դպրոցներ ներգրավելու անհրաժեշտությունից նույն օրը՝ ժամը 15։00-ին, կկազմակերպվի հանդիպում-քննարկում Գյումրու մի շարք այլ դպրոցների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղորդակցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:

ԳՏԿ-ն ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: