Հայտնի են դարձել «Դիջիբիզնես» մրցանակաբաշխության հաղթողները

Քիչ առաջ ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, և տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի 8 ընկերություններ տարբեր անվանակարգերում ստացան «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը։

10658692_908691279205842_5986414967477263667_o

Հաղթող են ճանաչվել հետևյալ ընկերությունները․

Տարվա նորարար ընկերություն՝ Ամերիաբանկ

ՏՏ լուծումների լավագույն կիրառումը հաճախորդների սպասարկման ոլորտում՝ Իդեալ համակարգ

ՏՏ լուծումների լավագույն կիրառումն արտադրության ոլորտում՝ Նատֆուդ ընկերություն

ՏՏ լուծումների լավագույն կիրառումը լոգիստիկայի բնագավառում՝ Ուրբան լոջիստիկ սերվիսիս

Լավագույն էլեկտրոնային առևտրի բիզնես՝ Menu.am կայք

Լավագույն առցանց ներկայացում՝ Ռոսգոստրախ

Տարվա ՏՏ ղեկավար՝  Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի ՏՏ վարչության զարգացման պետ Արմեն Մելքումյան

Տարվա տեխնոլոգիական նախագիծ՝ Կոնվերս բանկի մոբայլ վճարումների համակարգ

 

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի շահագրգռել տեխնոլոգիաներ ներդրող ընկերություններին և ներկայացնել հասարակությանը, բացի այդ, վերջիններս նաև լավագույն օրինակ կլինեն իրենց գործընկերների համար։

Նշենք, որ 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի մեկնարկել է հունիսի 19-ին: Երկօրյա բիզնես ֆորումն անց է կացվում ՀՀ վարչապետի աջակցութամբ և կազմակերպվում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Բիզնես ֆորումի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և այլ պաշտոնական անձիք:

«Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող տեխնոլոգիական ֆորումը լավագույն հարթակն է բիզնեսի և տնտեսության այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ և ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:

Այս տարի ֆորումին մասնակցում են հայաստանյան ՏՏ ոլորտի  և բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերությունները, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ, որոնց թիվը հասնում է շուրջ 70-ի: Բիզնես ֆորումը ներառում է ցուցահանդեսային մաս և մասնագիտական քննարկումներ: