#ElectricYerevan. Վերջին 1 շաբաթն ինտերնետում՝ հաքթիվիզմից մինչև մեմեր

#ElectricYerevan. Վերջին 1 շաբաթն ինտերնետում՝ հաքթիվիզմից մինչև մեմեր

Այսօր արդեն 8-րդ օրն է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկվում է Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվող նստացույցը՝ ուղղված Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման՝ ՀՀ կառավարության որոշման դեմ:

Սա առաջին նախադեպն է, երբ հայկական ինտերնետ տիրույթը ցուցաբերում է գերակտիվություն գրեթե բոլոր սոցիալական հարթակներում՝ Facebook-ից մինչև Wikipedia:

itTREND.am-ը մի տեղում է հավաքել օնլայն հարթակներում 8 օրերի ընթացքում կյանք տեսած բոլոր նախաձեռնությունները:

Тwitter

#ElectricYerevan պիտակը (հեշթեգ) մի քանի ժամում դարձավ ինտերնետային թրենդ գրեթե բոլոր սոցիալական հարթակներում: Ճանաչված Twitter միկրոբլոգում #ElectricYerevan-ի օգտագործումը շարունակում է աճել: topsy.com-ի տվյալներով, Twitter-ում #ElectricYerevan -ը վերջին 7 օրերի ընթացքում կիրառվել է ավելի քան 62 600 անգամ: Ընդ որում նշվածից 15 000 գրառումը կատարվել է միայն հունիսի 28-ին: Հիշենք, որ այդ օրը Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված էր, ինչը և հանգեցրել է համացանցում սովորականից ավելի բուռն քննարկումների և #ElectricYerevan -ի օգտագործման նման աճին:

Electricyerevan 01

Facebook

Ֆեյսբուքը թերևս ամենաակտիվ հարթակն է, ուր շարունակվում են թեժ քննարկումները: Գրեթե ամեն օր ստեղծվում են Բաղրամյան պողոտայում նստացույցին մասնակցելու իրադարձություններ (events): Բազմաթիվ օգտագործողներ փոխել են իրենց պրոֆիլների գլխավոր լուսանկարները՝ այս կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը և պայքարը:

Սոցցանցում տարածվել են «Ոչ Թալանին» նախաձեռնության անունով և խնդրի դեմ պայքարող այլ նոր խմբեր և էջեր:

voch talanin

Գրեթե ամեն օր սոցցանցում հրապարակվում են լուսանկարներ այլ երկրների օգտագործողներից, ովքեր աջակցում են հայ երիտասարդներին և լուսանկարվում աջակցող պաստառներով:

11403396_10153417193694284_1287421821977993772_n

Դե իսկ #ElectricYerevan հեշթեգը Facebook-ում նույնպես ակտուալ է: Facebook-ը հենց այն հարթակն է, ուր կենտրոնացված է հիմնական լրահոսը՝ սկսած լրատվական կայքերի հղումներից մինչև բազմազան ինտերնետային ֆոտո և վիդեո-մեմեր:

Wikipedia

Վիքիպեդիա օնլայն հանրագիտարանի Հայերեն տարբերակն իր հերթին ավելացավ մեկ հոդվածով՝ Բիբին: Հոդվածի հեղինակը մանրամասնորեն պատմում է Բիբին բառի ծագումնաբանության, նշանակության և կիրառման մասին:

bibin

Օնլայն Ստորագրահավաք

Հունիսի 25-ին գործարկվեց bibinsuteq.com կայքը, որտեղ ցուցարարները կոչ են անում մասնակցել էլեկտրոէներգիայի ապօրինի թանկացման դեմ ստորոգրահավաքին:

Առաջին Հաքթիվիզմը Հայաստանում

Հունիսի 23-ին կարճ ժամանակով անհասանելի դարձան ՀՀ ոստիկանության և էներգետիկայի նախարարության կայքերը՝ police.am-ը և minenergy.am-ը:

CIMCboTWoAArHX3

itTREND.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ամբողջովին նոր հաքերային խմբավորում Antisystem374-ը Twitter-ում հայտնել է այս երկու DDoS հարձակումների մասին:

«Մենք առաջին անգամ տեսանք սոցիալական հաքերային հարձակում, ինչը աշխարհում ընդունված է կոչել հաքթիվիզմ»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Ինտերնետ Մեմեր

Մեմերը հայկական ինտերնետ տիրույթում արդեն ակտուալ են ավելի քան 2 տարի: Նման քանակությամբ մեմեր դեռևս չէին ստեղծվել հայկական տիրույթում: Ընդամենը մի քանի ժամում Facebook սոցցանցում ստեղծվեց և ակտիվորեն տարածվեց РашаТэВэ плиз ;( մեմերի էջը: Ներկա պահին այն ունի ավելի քան 5000 երկրպագու: Էջի հեղինակը ակտիվորեն հրապարակում է հումորային մեմեր՝ օգտագործելով Բաղրամյան պողոտայում կատարվող իրադարձություններից լուսանկարներ: Facebook-ում նկատվում են դեպքեր, երբ որոշ օգտագործողներ մեմերը լուրջ են ընկալում:

11659464_735559169905062_1646140664176708258_n

Դե իսկ հունիսի 29-ի երեկոյան Facebook սոցցանցը մեմախեղդ եղավ վիդեոմեմերով: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից Բաղրամյան պողոտայում հնչեցրած արտահայտությունները  դարձան վիդեոմեմերի թեմա: Youtube-ը լի է նմանատիպ վիդեոմեմերով: Ներկայացնում ենք Ձեզ դրանցից մի քանիսը:


Ուղիղ հեռարձակում

Նստացույցի մեկնարկից սկսած մինչ օրս Ազատություն ռադիոկայանը ուղիղ եթերում է: Հունիսի 28-ին, երբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված էր ռադիոկայանի ուղիղ հեռարձակումն օնլայն դիտում էր մոտ 60 000 օգտագործող: itTREND.am-ի հետ զրույցում Ազատություն ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանն ասաց, որ սա առաջին անգամ է, երբ դիտողների նման քանակ է գրանցվել:

Բջջային հավելվածներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ և վերլուծաբան Սամվել Մարտիրոսյան իր բլոգում խորհուրդ է տալիս բջջային կապի ծանրաբեռնվածության դեպքերում օգտագործել հավելվածներ, որոնք կօգնեն արագ կապ պահպանել նման իրադարձությունների ժամանակ: Նման հավելվածներից են Firechate-ը (Android , iOS ) և Sphere-ը  ( Android iOS ):

itTREND.am-ի այն հարցին, թե ինչպիսի զարգացումներ կունենա համացանցի հայկական տիրույթը, փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ երիտասարդությունը լրջորեն կսկսի խորանալ սոցցանցերի միջոցով համախմբվելու ու տեղեկատվություն տարածելու տեխնիկաների մեջ։ Սա արդեն կար, բայց որակական փոփոխություններ են նկատվում՝ օգտվելու ավելի բազմազան գործիքներից»: