Նոր տեխնոլոգիաներ հայկական շուկայում․ ջերմոց, որտեղ հողի փոխարեն ջուր է

Այսօր նոր տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասն ու ճիշտ օգտագործման դեպքում կարող են կատարելագործել ցանկացած ոլորտ, եթե նույնիսկ խոսքը հողագործության մասին է։

Անի Մկրտչյան
Անի Մկրտչյան

«ՄԱկվափոնիկս» (MAquaponics) սկսնակ ընկերությունն առաջարկում է նորարարական լուծումներ, որոնք թույլ են տալիս նոր տիպի ջերմոցներ ստեղծել, որտեղ հողի փոխարեն օգտագործվում է ջուր։ Ընկերությունը 2014 թվականին դարձել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, CRDF Global կազմակերպության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպված, Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում իրականացվող «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա սթարթափ մրցույթի հաղթողներից մեկը։ Ընկերության գործունեության մանրամասների շուրջ զրուցեցինք «ՄԱկվափոնիկս»-ի ընկերության գործադիր տնօրեն Անի Մկրտչյանի հետ։

– Ինչո՞վ է զբաղվում «ՄԱկվափոնիկս»-ը և ո՞րն է ընկերության յուրահատկությունը։

– Ակվապոնիկան ակվակուլտուրայի (ձկնարդյունաբերության) և հիդրոպոնիկայի (բույսերի աճեցումն առանց հողի) միջև կապն է: Այս դեպքում ջերմոցում հողի փոխարեն կիրառվում է ջուրը և ձկան արտաթորանքն օգտագործվում է որպես էկոլոգիապես մաքուր պարարտանյութ: Կոմերիցիոն ակվապոնիկան նորարություն է Հայաստանում և տարածաշրջանում։ Այն որպես համակարգ առկա է զարգացած երկրներում` ԱՄՆ-­ում, եվրոպական երկրներում։ Մենք Հայաստանում հիմնում ենք առաջին կոմերիցիոն Ակվապոնիկ համակարգը, որը հնարավորություն է ընձեռում արտադրել տարբեր տեսակի բաջարեղեններ, կանաչի և ձուկ։ Մեր կողմից անցկացրած հարցումը ցույց է տվել, որ  շուկայում կա նաև ավոկադոյի, ֆենխելի, կանաչ ռեհանի, ռոզմարինի պակաս։  Պլանավորում ենք պարբերաբար հարցումներ անցկացնել ու այնպիսի պրոդուկտներ արտադրել, որոնք լայն տարածում չունեն շուկայում, սակայն ունեն պահանջարկ։

Ծրագիրը Հայաստանում իրականացնում ենք միջազգային Aggreco International ընկերության հետ, որը Գանայում, Քենիայում, Ամերիկայում վարում է նմանատիպ նախագծեր:

11538984_10204634073600160_2124195762380706422_o (1)

– Որտե՞ղ է տեղակայված ընկերության ջերմոցը։  

Հայաստանում ծրագիրն իրականացնում ենք Դդմաշեն գյուղում՝ 1000 քառակուսի մետր տարածքում։ Դդմաշենը շատ հարմար տեղ է, այն մոտ է Սևանին ու Հրազդանին։ Օգտագործում ենք տեղական հումքը, օգտագործում ենք այն աշխատուժը, որ կա գյուղում։ Հետագայում պլանավորում ենք Դդմաշենը դարձնել էկո և ագրո տուրիստական, ինչպես նաև էկո-կրթական կենտրոն:

IMG_5658

– Ինչպե՞ս առաջացավ նմանատիպ ընկերություն ստեղծելու միտքը։

– Գաղափարն առաջացավ ԱՄՆ կատարած իմ այցի ընթացքում, որտեղ առաջին անգամ տեսա ակվապոնիկ համակարգի կիրառումը տնտեսության մեջ, այնուհետև  նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցի այդ ոլորտում առաջատար AggrEco International միջազգային կազմակերպության հետ, որի մասնագետներն այցելեցին Հայաստան՝ համաձայնվելով աշխատել տարածաշրջանում առաջին կոմերցիոն ակվապոնիկ նախագիծը ստեղծելու ուղղությամբ։

– Անցած տարի դուք դարձաք Գաղափարից դեպի շուկա մրցույթի հաղթողներից մեկը: Ի՞նչ հաջողությունների մասին կարող եք խոսել, որ գրանցվել են մրցույթի շնորհիվ։

– Առաջին կարևոր ձեռքբերումն այն է, որ «ՄԱկվափոնիկսը» գաղափարից դարձավ գործող ընկերություն։ Քանի որ նախագիծը հավելյալ ֆինանսներ էր պահանջում, կարողացանք գտնել այդ ֆինանսները և արդեն իսկ սեպտեմբեր ամսին, ինչպես և նախատեսված էր, կունենանք մեր առաջին բերքը։

nelsonandpade05

– Առաջիկայում ի՞ նչ զարգացումներ են սպասվում ընկերությունում։

– Սեպտեմբեր ամսին ակնկալում ենք ակվապոնիկ համակարգի առաջին բերքը, հետևաբար՝ «ՄԱկվափոնիկսի» մուտք դեպի թիրախային շուկա։ Բերքի առաջին տասը ամիսների մոնիթորինգի ու վերլուծության հիման վրա և անհրաժեշտ արդյունքները գրացելուց հետո պլանավորում ենք մեծացնել ակվապոնիկ համակարգը, ինչպես նաև գործընկեր AggrEco International միջազգային կազմակերպության հետ համատեղ մտնել հարևան երկրների շուկա։